Այսօր` հոկտեմբերի 29-ին Մարիոթ Արմենիա հյուրանոցում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ և բելգիական Incofin Investment Management կազմակերպության Rural Impulse Fund II (RIF II) –ի միջև ստորագրվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կանոնադրական կապիտալում մասնակցության վերաբերյալ պայմանագիր, համաձայն որի Incofin Investment Management-ը դառնում է բանկի 10% բաժնետոմսերի սեփականատեր: Incofin Investment Management-ի կողմից պայմանագիրը ստորագրեց Ներդրումների գծով գլխավոր պատասխանատու պարոն Գիրթ Պեթերմանսը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից` ստորագրեցին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի նախագահ պարոն Բարսեղ Բեգլարյանը և վարչության նախագահ պարոն Աշոտ Օսիպյանը: Incofin Investment Management-ի մասնակցությունը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կապիտալում թույլ կտա բանկին ամրապնդել հայկական ֆինանսական շուկայում իր դիրքը` առաջարկելով վարկավորման նոր գործիքներ, բանկային նոր ծառայություններ, որոնք հիմնված կլինեն միջազգային բանկային փորձի ժամանակակից չափորոշիչների վրա, ինչպես նաև ակտիվացնել վարկավորումը գյուղատնտեսության ոլորտում: Incofin IM-ը (www.incofin.com) կառավարում է այն ներդրումային հիմնադրամները, որոնք շեշտը դնում են բալանսավորված սոցիալական և ֆինանսական արդյունքների վրա: Incofin IM-ի կողմից կառավարվող Rural Impulse Fund հիմնադրամը 120 միլիոն Եվրո արժողությամբ հիմնադրամ է, որը ներդրումներ է անում միկրոֆինանսական հաստատություններում: Խոսքը գնում է այն հաստատությունների մասին, որոնք չունեն աճի ներուժ և առողջ ֆինանսական կառուցվածք և մեծ կարևորություն են տալիս սոցիալական ծրագրերին: Հիմնադրամի հիմնական նպատակն է հասու լինել այն մարդկանց համար, ովքեր ապրում են ավելի մեկուսի գյուղական վայրերում և/կամ ակտիվ են գյուղատնտեսական ոլորտում: Ունենալով գրասենյակներ Բելգիայում, Կոլումբիայում և Հնդկաստանում` Incofin IM ընկերությունը ավելի քան 40 երկրներում ֆինանսավորում և աջակցում է կազմակերպություններին: Incofin Investment Management-ի և ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ միջև համագործակցությունը սկսվել է 2011թ.-ից 3 մլն ԱՄՆ դոլար վարկային ծրագրի իրականացման միջոցով: Միջազգային ֆինանսական շուկայում Incofin Investment Management-ն իրականացնում է ինչպես պարտքային ֆինանսավորում` հիմնականում միկրոֆինանսավորման և գյուղատնտեսության ֆինանսավորման միջոցով, այնպես էլ կապիտալի ֆինանսավորում: Չնայած համագործակցության կարճ ժամանակահատվածին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ձեռք է բերել գործընկերոջ վստահությունն, ինչի մասին էլ վկայում է համագործակցության այս նոր ձևաչափը: Բ. Բեգլարյանի համոզմամբ` այս համագործակցությունը կնպաստի ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ զարգացմանը և կկրի երկարաժամկետ բնույթ: Ըստ Ա. Օսիպյանի` նոր գործարքը բխում է բանկի որդեգրած ռազմավարությունից` ունենալ ինստիտուցիոնալ բաժնետերեր, և նոր բաժնետիրոջ մուտքը թույլ կտա ավելացնել վարկավորման գործիքակազմը, ինչպես նաև` միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցել: Նշենք, որ Բանկի ակտիվները 2012 թ.-ի երրորդ եռամսյակում տարեսկզբի համեմատությամբ աճել են 13%-ով և կազմել են 98,9 մլրդ դրամ: Վարկային ներդրումների աճել են 10,3%-ով` կազմելով 48.7 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդներն աճել են 25,4%-ով` կազմելով 17.3 մլրդ դրամ: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հաճախորդների բազան հաշվետու շրջանում ավելացել է 13,5%-ով` մինչև 159 948 հաճախորդ: 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ընդհանուր կապիտալը կազմել է` 14,9 մլրդ դրամ, պարտավորությունները` 84,1 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով բանկի զուտ շահույթը կազմել է 2, 9 մլրդ դրամ, կապիտալի շահութաբերությունը` (ROE) 28%, իսկ ակտիվների շահութաբերությունը (ROA) կազմել է 3,6%:
|