21:19 ԲՀԿ–ական պատգամավոր. «Ցավոք, կառավարությունը վերջերս պարտավորություններ է ստանձնում, որը չի իրականացնում» | |
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ պատգամավոր Միքայել Մելքումյանի հայտարարությունն ԱԺ–ում Հարգելի գործընկերներ, Ցավոք, երեկ Ազգային Ժողովը քվեարկությամբ մերժեց իմ և իմ գործընկերներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի կողմից շրջանառության մեջ դրած երեք օրինագծերը, չորրորդը հանձնաժողովի դրական եզրակացությամբ մտել է օրակարգ, չնայած կառավարությունը ևս տվել էր բացասական եզրակացություն, որը վերաբերում էր արտոնագրային վճարներին: Նշված նախագծերից երկուսը համապատասխանում են <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության ծրագրային դրույթներին՝ <<Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին և առևտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին>> և <<Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և պետական աջակցության մասին>> ՀՀ օրենքների նախագծերը: Առաջինը` մենք կարծում ենք, որ կառավարությունը իր տնտեսական զարգացման մոդելը պետք է ուղղի ոչ միայն առաջարկի խթանման ուղղությամբ, այլև պահանջարկի ձևավորման և խթանման ուղղությամբ և եթե կառավարությունը չի կարողանում իրականացնել բնակչության նկատմամբ սոցիալական պարտավորությունները (այն իրականացնում է խիստ մասնակի) և երկրորդ` եթե կառավարությունը չի երաշխավորում Հայաստանում կատարվող ներդրումների շահութաբերության ներքին շեմը, նշանակում է այդ պայմաններում այլընտրանք չի մնում քան խթանել շահութաբերությունը հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում սահմանելով հարկային արտոնություն: Մասնավորապես, մենք առաջարկում ենք տարեկան մինչև 40 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող և վարձու աշխատող չունեցող (բացառությամբ` ընտանիքի անդամների) տնտեսվարող սուբյեկտներին ազատել շահութահարկից, արտոնագրային և հաստատագրված վճարներից: Ասեմ, որ Վրաստանն արդեն ընդունել է նմանատիպ նախագիծ` ընդհանրապես ազատելով հարկերից` իհարկե, սահմանելով շրջանառության ավելի ցածր շեմ: Մենք կարծում ենք, որ այս արտոնությունը լրացուցիչ պահանջարկ կձևավորի, մյուս կողմից հարկերի տեսքով այդ գումարները հետ կգան պետական բյուջե 2-3 ամսվա ընթացքում, այսինքն որևէ ճնշում չի լինի պետական բյուջեի վրա, բայց դրա փոխարեն շահութաբերությունը այդ ոլորտների կավելանա: Ցավոք, կառավարությունը վերջերս պարտավորություններ է ստանձնում, որը չի իրականացնում. մասնավորապես 2011-2013թթ. Միջնաժամկետ ծախսային ծրագրով (ՄԺԾԾ) սահմանված էր այն, որ կառավարությունը պետք է նպաստեր շուրջ 70 000 նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ ձևավորելով 50 000 նոր ՓՄՁ սուբյեկտներ: Ցավալիորեն, սա մասնակի, նույնիսկ խիստ մասնակի չի իրականացվել: Եվ երկրորդը, որ ես արդեն նշել եմ, 2013-2015թթ. Միջնաժամկետ ծախսային ծրագրում կանխատեսելիության բացակայությունն է, այն, որ ընդամենը երեք ամսում կառավարությունը 3.8%-ի փոխարեն 6.2%-անոց ՀՆԱ-ի աճի սցենար է նախատեսում: Մենք հետամուտ ենք լինելու մեր կողմից որդեգրած օրինագծերի վերստին շրջանառության մեջ դնելուն և մենք գտնում ենք, որ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությունը ոչ թե նախարարների, մարզպետների կամ ՏԻՄ-երի ղեկավարների «ուզել-չուզելով» կամ ցանկությամբ պետք է լինի, այլ օրենքով սահմանված նրանց վերապահված իրավունքների և պարտականությունների շրջանակներում: Նվազագույն ամսական աշխատավարձի քննարկման ժամանակ պատգամավոր Միքայել Մելքումյանի բարձրացրած հարցադրումները՝ ուղղված ՀՀ ֆինանսների նախարար՝ Վաչե Գաբրիելյանին.
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |