
17:37 «Ամերիա»-ն սկսում է հետազոտություն իրականացնել տնտեսության ոլորտներում | |
![]() Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Ամերիա» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից, առաջինն ուսումնասիրվել է Երեւանում սննդամթերքի եւ այլ արագ սպառման ապրանքների մանրածախ առեւտրի ոլորտը: Հետազոտությունը հնարավորություն է ընձեռում գնահատել Երեւանում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ առեւտրի շուկայի ծավալները, այդ ապրանքների ձեռք բերման հիմնական աղբյուրները, բնակչության գնահատականներն ու նախասիրություններն ըստ առանձին սուպերմարկետների, ինչպես նաեւ սուպերմարկետ կամ այլ առեւտրի կետ ընտրելու գործոնները: Գնահատվել են նաեւ ոլորտի հնարավոր զարգացումները մոտակա տարիներին: Հետազոտության համար առաջինն ընտրվել է սննդամթերքի եւ այլ արագ սպառման ապրանքների մանրածախ առեւտրի ոլորտը, քանի որ առեւտուրը Հայաստանի տնտեսության ամենախոշոր ճյուղերից է։ 2011թվականի ՀՆԱ-ում դրա տեսակարար կշիռը կազմում է 13,4%: Ընդ որում, առեւտուրը Հայաստանի տնտեսության այն եզակի ճյուղերից է, որի տեսակարար կշիռն աճի միտումներ է արձանագրում վերջին 10 տարիների ընթացքում: Ամբողջ առեւտրի 63,4%-ը բաժին է ընկնում մանրածախ առեւտրին, որի կեսից ավելին սննդամթերքի մանրածախ առեւտուրն է: Հայաստանում մանրածախ առեւտրի ավելի քան 80%-ն իրականացվում է Երեւանում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |