19:41 ԱՄՆ-ը 2020 թվականին կդառնա աշխարհի առաջատարը՝ նավթի արդյունահանման ոլորտում | |
ԱՄՆ-ը 2020 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատարը՝ նավթի արդյունահանման ոլորտում, առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից: Այս մասին ասվում է Միջազգային էներգետիկ գործակալության (World Energy Outlook) տարեկան զեկույցում: Ավելի վաղ գործակալության փորձագետները կանխատեսել էին, որ երկարաժամկետ հեռանկարում այդ ոլորտի առաջատարներ կլինեն Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը: Նավթի ներկրումը ԱՄՆ կշարունակի նվազել եւ մոտ 2030 թվականին, ըստ World Energy Outlook-ի փորձագետների, Հյուսիսային Ամերիկան կդառնա «սեւ ոսկու» զուտ արտահանող: Ներկայումս ԱՄՆ-ում նավթի ներկրումը կազմում է ընդհանուր պահանջարկի 20 տոկոսը: Գործակալության կանխատեսմամբ, աշխարհում նավթի օրական պահանջարկը 2035 թվականին կաճի մինչեւ 99,7 բարել (2011-ին այդ ցուցանիշը 87,4 մլն բարել է): Բացի այդ, գործակալությունը սպասում է, որ 2035 թվականին համաշխարհային նավթարդյունահանման մեջ ՕՊԵԿ-ի բաժինը 42 տոկոսից կհասնի 50 տոկոսի: Այդ ժամանակ, ըստ գործակալության, նավթի արտահանման ոլորտում երկրորդ տեղը կգրավի Իրաքը՝ առաջ անցնելով Ռուսաստանից: 2035 թվականին նավթի միջին արժեքը, ընթացիկ գներով կաճի մինչեւ 125 դոլար մեկ բարելի համար, իսկ անվանական արժեքը՝ մինչեւ 215 դոլար՝ մեկ բարելի համար: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |