21:46 Ապստամբ ժողովրդին միայն Աստված կարող է հաղթել | |
Ահա անցան սեպտեմբերի 15-ի նախագահի ելույթի հետ կապված կրքերը: Մամուլում դադարեցին երևալ այդ օրվա հետ կապված վերլուծություններ, ՀՀ կառավարությունը սկսեց հանգիստ արտաշնչել, ինչպես միշտ նա համոզվեց, որ ժամանակն իր ամենամեծ երաշխիքն է: Սակայն, նա մոռանում է, որ այս անգամ ինքը հաշվետու է ոչ մամուլի և ոչ էլ իրավապահ համակարգի առջև, այլ ամենամեծ և ամենահզոր դատավորի՝ անապահովների ստվար զանգվածի…: Հարկ եմ համարում հիշեցնել ՀՀ կառավարությանը, որ արտագաղթը շարունակվում է, մարդիկ անբժշկության պայմաններում հեռանում են կյանքից և այդ պրոցեսում քիչ չէ նրանց մեղմ ասած «փնթի աշխատանքի» դերակատարումը: Հայաստանի հասարակության տարբեր շերտերի կողմից պարբերաբար բողոքներ են հնչում իշխանության դեմ: Ցավոք, հասարակությունը կառավարության գործառույթներում առկա քրեածին գործունեության վրա դատաիրավական համակարգի միջոցով ազդելու լծակներ չունի: Հեռուստաընկերությունները, մամուլն իրենց եթերային, ակնթարթային /մոմենտի տակ/ ֆորմատով գործնականորեն հարց չեն լուծում: Հանցագործները, ինչպես կային չվնասազերծված այդպես էլ շարունակում են բարգավաճել: Փաստորեն երկրում ստեղծվել է մի այնպիսի աղետային իրավիճակ, որ թե ՀՀ նախագահի արտառոց ելույթը, թե ՀՀ վարչապետի այսպես ասած հետելույթային քննարկումները, ի զորու չեն այս կործանիչ հափշտակումների դեմն առնելու: Հակառակ դեպքում մենք հիմա կփաստեինք աննախադեպ ձերբակալությունների մասին, որոնք այդքան անհրաժեշտ են մեր երկրի բարոյահոգեբանական վերելքի համար: Երբ դիտարկում ես հիասթափվածների գանգատների նմանությունը, մտորումները, հանգում ես հարցերի, թե ինչո՞ւ են մարդիկ մարդկություն փնտրում բանկային մտածելակերպով իշխանությունից: Չէ՞ որ փնտրում են այն, ինչ բացառված է այդ հարթությունում և հակասում է նրանց չգրված օրենքներին:
Ավարտելով՝ ուզում եմ հիշեցնել, հարգելի իշխանավորներ, սթափվեք, քանի ուշ չէ և միշտ հիշեք Նժդեհական այս բառերը. «Կործանարար են այլամերժորեն եսական, ստոր նպատակները, որոնք անպատիժ կերպով հետապնդել չի կարելի: Նման նպատակները լինում են հոգեսպան, մանավանդ պատանեկության համար»:
Կարեն Թումանյան | |
|
Մեկնաբանություններ: 0 | |