16:18 Առաջիկայում կստեղծվի հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խումբ | |
ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանի եւ Իրաքի խորհրդարանի առաջին փոխնախագահ Քուսեյ ալ Սիհաիլիի` այսօր Բաղդադում կայացած հանդիպմանը քնննարկվել են խորհրդարանական կապերի ակտիվացման, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության հարցեր: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Հայաստանի ՏԿՆ մամուլի ծառայությունից, Ա. Գեւորգյանը իրաքյան կողմին փոխանցել է Հայաստանի ԱԺ նախագահի բարեմաղթանքները: Փոխվարչապետը նշել է երկու երկրների խորհրդարանների միջեւ ավանդական բարեկամական կապերի մասին` բարձր գնահատելով հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում խորհրդարանական համագործակցության դերը: Քուսեյ ալ Սիհաիլին իր հերթին նշել է հարաբերությունները զարգացնելու իրաքյան կողմի շահագրգռվածությունը` տեղեկացնելով, որ առաջիկայում կձեւավորվի իրաքա-հայկական խորհրդարանական բարեկամության խումբը, որն իր գործունեությամբ կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը: Նա ավելացրել է, որ ոչինչ չի խանգարում բարեկամ հայ ժողովրդի հետ կապերը խորացնելուն: Խորհրդարանի փոխնախագահը նաեւ ջերմությամբ է խոսել իրաքահայ համայնքի մասին` նկատելով, որ երկրում ամենուր նկատելի է հայերի հետքը: Նա նշել է հայ համայնքի դրական դերը երկրի մի շարք ոլորտների զարգացման գործում` ընդգծելով, որ Իրաքի ժողովուրդը բարձր է գնահատում հայերի հետ ունեցած դարավոր բարեկամությունը: Երկուստեք համոզմունք են հայտնել, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր օղակ կարող է հանդիսանալ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար: Կողմերը մտքեր են փոխանակել Իրաքի կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ: Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Բաղդադում տեղի է ունեցել նաեւ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստում համաձայնեցված փաստաթղթերի ստորագրման պաշտոնական արարողությունը: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ԻՀ փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսն ստորագրել են նիստի արձանագրությունը, երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Իրաքի Հանրապետության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը: Բաղդադից փոխվարչապետը մեկնել է Սուլեյմանիա, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Իրաքի Հանրապետության նախագահ Ջալալ Թալաբանիի հետ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |