13:04 «Աշտարակ Կաթը» հնարավոր է արտադրություն հիմնի Վրաստանում | |
Չի բացառվում, որ «Աշտարակ Կաթը» Վրաստանում արտադրություն ստեղծի, եւ համագործակցություն ստեղծի Ջավախքի ֆերմերային տնտեսությունների հետ: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրել է «Աշտարակ Կաթ» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը, ով հարցազրույցում պատասխանել է նաեւ ընկերության՝ արտաքին շուկաներում հաստատվելու կապակցությամբ կատարվող քայլերի վերաբերյալ հարցերին: Հարցազրույցն ընթերցողին ենք ներկայացնում ամբողջությամբ: «Աշտարակ Կաթը» հայաստանյան սպառողին վաղուց հայտնի ընկերություն է։ Արդյոք ձեզ համար բավարա՞ր է տեղական կաթնամթերքի շուկայում ընկերության զբաղեցրած դիրքը։ «Աշտարակ Կաթ» ընկերությունը մշտապես ձգտում է զարգանալ եւ բարձր պահել իր արտադրանքի որակը: Մենք հետեւում ենք ոլորտի զարգացումներին եւ փորձում ենք առաջինը ներկայանալ նորամուծություններով` ընդլայնելով արտադրությունը, համալրում ենք այն եւ´ տեխնոլոգիական, եւ´ արհեստավարժ աշխատուժի առումով : Այս եւ մի շարք այլ հետեւողական քայլերն ապահովում են ընկերության զբաղեցրած ուժեղ դիրքը տեղական շուկայում եւ իհարկե նախապայմաններ են ստեղծում նաեւ արտահանման իրականացման համար: Ցանկացած ընկերության առաջնային նպատակներն են՝ անընդհատ զարգացումն ու շուկայում ավելի ուժեղ դիրքեր գրավելը, սակայն հայաստանյան շուկան բավականին սահմանափակ է։ Փաստորեն պետք է հարեւան երկրների շուկաների վրա ուշադրություն դարձնել, այս ուղղությամբ կատարե՞լ եք ինչ-որ աշխատանք։ Բոլոր զարգացած ընկերություններն էլ արտահանման իրականացման ձգտումներ ու նպատակներ ունեն: Տեղական շուկայում հաստատվելն ու առաջատար լինելը ենթադրում է նաեւ արտահանման հեռանկարներ, որը մեր ընկերության պարագայում վաղուց արդեն արդիական է: Ներկայումս Ռուսաստանի Դաշնություն ենք արտահանում մի քանի ապրանքատեսակներ՝ ջեմեր, մուրաբաներ, ինչպես նաեւ չոր կաթ, իսկ Վրաստան՝ պաղպաղակ եւ վաֆլե կոներ: Ինչ վերաբերում է կաթնամթերքին, նշեմ, որ արդեն մի քանի ամիս է նախապատրաստական աշխատանքներ են տարվում արտահանման ուղղությամբ: Շատ շուտով Աշտարակ Կաթ ընկերությունը կաթնամթերք կարտահանի Վրաստան: Իսկ ինչո՞ւ եք միայն այժմ սկսում կաթնամթերքի արտահանման ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Նախկինում ինչ-որ խնդիրներ կային, թե պարզապես ընկերությունը Հայաստանի շուկայի վրա էր կենտրոնացած։ Արտահանման հարցը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում, այս ուղղությամբ հետազոտություններ եւ ուսումնասիրություններ անընդհատ իրականացվել են: Ինչպես նշեցի, արտադրանքի որոշ տեսակներ ներկայումս արտահանվում են, կաթնամթերքի առումով եւս փորձ ունեցել ենք համեմատաբար փոքր ծավալներով: Առաջիկայում պլանավորվող արտահանման ծավալները շոշափելի կլինեն եւ ժամանակի հետ ավելի կընդլայնվեն: Վրաստանի շուկայի ընտրությունը ինչո՞վ է պայմանավորված։ Պատճառը միայն այն է, որ անմիջական հարեւա՞ն է, թե կան այլ հանգամանքներ։ Մի քանի հանգամանքներ նպաստեցին նման որոշման կայացմանը: Առաջին հերթին, ինչպես դուք արդեն նշեցիք, Վրաստանը մեր անմիջական հարեւանն է: Բացի այդ, մենք հասցրել ենք նաեւ գործնականում համոզվել, որ Վրաստանում կա դրական վերաբերմունք բրենդի նկատմամբ: Մի քանի տարի շարունակ «Աշտարակ Կաթը» Վրաստանում իր կաթնամթերքով մասնակցել է ցուցահանդեսների, որոնց արդյունքում վրացիների եւ տեղի հայ բնակչության կողմից մեծ հետաքրքրություն եւ պահանջարկ է ձեւավորվել մեր կաթնամթերքի նկատմամբ: Իսկ հնարավո՞ր է, որ Վրաստանում նաեւ արտադրություն հիմնեք։ Տեղյակ ենք, որ Հայաստանում ֆերմերների հետ ակտիվ աշխատում եք, կցանկանայի իմանալ, արդյոք Ջավախքի ֆերմերների հետ կապված ինչ-որ ծրագրեր ունեք։ Ընդլայնվելու, զարգանալու, համագործակցության նոր ուղղություններ գտնելու նպատակներ միշտ էլ կան: Այս պահին կոնկրետ ոչինչ չեմ կարող նշել, բայց մոտակա ծրագրերում չենք բացառում ինչպես նոր արտադրություն սկսելը, այնպես էլ` ֆերմերային նոր տնտեսությունների հետ համագործակցությունը: Ի դեպ, ներկայումս ի՞նչ տեսականի է առաջարկվում հայաստանյան շուկայում: Ո՞ր տեսակներն եք պատրաստվում արտահանել վրացական շուկա: Աշտարակ Կաթ ընկերությունը հայաստանյան սպառողին ներկայանում է կաթնամթերքի ամենալայն տեսականիով` դասական կաթնամթերքի շարքից մինչեւ պաղպաղակներ, պանիրներ, յոգուրտներ եւ իհարկե Կովիկ ապրանքանիշը, որն առաջին ցածր յուղայնությամբ կաթնամթերքի շարքն է Հայաստանում: Ինչ վերաբերվում է Վրաստան արտահանվող տեսականուն, նշեմ, որ վրացի սպառողներին հասանելի կլինի մեր տեսականու մեծ մասը` «Դասական» եւ «Կովիկ» կաթնամթերքի շարքերը (թթվասեր, կաթնաշոռ, մածուն եւ այլն), ջնարակված պանրիկները, հալած եւ «Լոռի» պանիրները, «Մոջո» ըմպելի յոգուրտները եւ հատկապես երեխաների կողմից շատ սիրված «Յոգու-Մոգու» յոգուտները: Ե՞րբ եք նախատեսում սկսել արտահանումը վրացական շուկա: Ինչպես նշեցի, արդեն մի քանի ամիս է, մենք իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ, եւ կարծում եմ արդեն նոյեմբեր ամսին վրացի սպառողը եւս հնարավորություն կունենա վայելել հայկական որակյալ կաթնամթերք: Իսկ ի՞նչ ծավալներով եք իրականացնելու արտահանումը: Բնականաբար սկզբնական շրջանում արտահանումը կիրականացվի փորձնական խմբաքանակով, ժամանակի հետ արդեն ծավալները կընդլայնվեն՝ իհարկե աճող պահանջարկին զուգահեռ եւ հետազոտությունների ու վերլուծությունների արդյունքներին համապատասխան: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |