17:35 Բաղդադում կայացել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը | |
Բաղդադում այսօր` նոյեմբերի 7-ին, կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի համանախագահությամբ: Այս մասինNEWS.am-ին հայտնեցին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Հայաստանի եւ Իրաքի պատվիրակությունների ղեկավարները ներկայացրել են երկրների տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ քննարկել տնտեսական, առեւտրի, ներդրումների եւ գիտատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվել է առեւտրատնտեսական հարաբերությունների եւ ապրանքափոխանակության մակարդակի բարձրացման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Իրաքյան կողմը տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում դեսպանատան վերաբացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Նշվել է, որ մինչեւ տարեվերջ կլուծվի նաեւ Հայաստանում Իրաքի դեսպանի նշանակման հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել հայ-իրաքյան գործարար համաժողով, որի շրջանակում էլ կարող է կազմակերպվել հայկական արտադրանքի առանձին ցուցադրություն: Գյուղտնտեսության ոլորտում փոխգործակցության համատեքստում քննարկվել են ցին գյուղմթերքի, հանքային եւ խմելու ջրերի, պահածոների արտահանման հնարավորությունները: Առողջապահության ոլորտում կողմերը կարեւորել են կադրերի պատրաստման, բուժհաստատությունների միջեւ կապերի հաստատման ոլորտներում փոխգործակցությունը: Անդրադարձել են դեղերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորություններին: Քննարկվել են Իրաքից Հայաստանում բուժման նպատակով հիվանդների ուղեգրման կազմակերպման հարցեր: Այս համատեքստում ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանը պատրաստակամություն հայտնեց Երեւանում տասը իրաքցի երեխաների անվճար վիրահատություն կազմակերպել: Էներգետիկայի եւ բնական պաշարների բնագավառում կողմերը համաձայնության են եկել համագործակցել նավթագազային արդյունահանման բնագավառում:: Նիստից հետո ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իրաքի Հանրապետության վարչապետ Նուրի ալ Մալիքի հետ: Կողմերն անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերին, ռազմական, նավթագազային ոլորտներում համագործակցության հնարավորություններին: Առանձնահատուկ կարեւորվել են տրանսպորտային հաղորդակցության նոր ուղիների մշակման հարցերը, իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը եւ այլն: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |