17:49 Բյուջեից սուբսիդիա են տալիս «Հարավկովկասյան երկաթուղուն». Բագրատյանի զարմանքը | |
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին երկաթուղով ուղեւորափոխադրումներից առաջացած վնասի փոխհատուցման նպատակով 2013 թ. կհատկացվի 328,8 մլն դրամի սուբսիդիա: Այդ մասին ՀՀ Ազգային Ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Սուբսիդիայի գումարը ՀՀ 2012 թ. պետական բյուջեի համեմատ ավելացել է 173.8 մլն դրամով; Այս հատկացումը հարուցեց պատգամավոր Հրանտ Բագրատյանի վրդովմունքը: «Ինչու ե՞նք երկաթուղին տվել կոնցեսիայի, եթե բյուջեից պետք է փող տանք»,- զարմացավ Հ. Բագրատյանը: Նա այս իրավիճակը համեմատեց ՀՀ կենգտրոնական բանկի քաղաքականության հետ, որը արտարժութային պահուստները պահում է արտասահմանյան բանկերում եւ դրա համար վճարում է: Պ. Սաֆարյանը պատասխանեց, որ երկաթուղուն հատկացվող սուբսիդիան որոշվում է աուդիտի եզրակացության հիման վրա: ՀՀ տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանն ասաց, որ կոնցեսիոն պայմանագիրը ստորագրվել է 2008 թ., ըստ որի՝ ուղեւորափոխադրումների գները սահմանվում են համաձայնեցված: Սուբսիդավորվում է վնասների միայն մի մասը, իրականում վնասները շատ ավելի են: ՀՀ Ազգային Ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասաց, որ այս հարցով պետք է լրացուցիչ խորհրդարանական լսումներ անցկացվեն: Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում աշխարհի ամենաթանկ բեռնափոխադրումներն են իրականացվում՝ 1 տոննայի համար 5,5 դոլար, իսկ աշխարհում միջինը 1,5 դոլար է: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |