21:37 ԵԱՀԿ գրասենյակը համակարգիչներ է նվիրաբերում Երեւանի համայնքային ոստիկանության հենակետերին | |
Համայնքային ոստիկանության զարգացմանն ուղղված ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի շարունակական աջակցության շրջանակներում 2013թ. օգոստոսի 7-ին Երեւանի համայնքային ոստիկանության հենակետերին նվիրաբերվել է տասնհինգ համակարգիչ: «ԵԱՀԿ-ն կարեւորում է ժողովրդավարական ոստիկանության սկզբունքները, իսկ այդ սկզբունքներին խթանելու առավել արդյունավետ միջոցը համայնքային ոստիկանությունն է»,- ասել է ԵԱՀԿ ոստիկանական գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մարկո Կուբնին: Նա բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության աշխատանքն ուղղված համայնքային ոստիկանության մեկնարկին՝ նշելով. «Վստահ եմ, որ հետագա զարգացումը կլինի նույնչափ հաջող»: Համայնքային ոստիկանության մոդելը Երեւանում մեկնարկել է 2012թ.-ի հունիսին եւ մինչեւ 2013թ. տարեվերջ կտարածվի նաեւ Հայաստանի մարզերում: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն արդեն մի քանի տարի աջակցում է համայնքային ոստիկանության մոդելի ներդրմանն ու կիրառմանը Հայաստանում` խթանելու ժողովրդավարական ոստիկանական գործելակերպի տարածումը երկրում: Կուբնին ընդգծել է նաեւ մարդու իրավունքների չափանիշներին եւ ԵԱՀԿ հանձնառություններին համահունչ ոստիկանության կրթության եւ վերապատրաստման, համայնքային ոստիկանության եւ հասարակական կարգի պահպանության կարեւորությունը: Երկրի իրավապահ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի, ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի հետ հանդիպումների ընթացքում Կուբնին վերստին նշել է ԵԱՀԿ պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը Հայաստանի իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների հետ՝ ոստիկանության ոլորտում ծրագրերի իրակացման ուղղությամբ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |