22:52 Եվրոպայում գործադուլները վերաճել են անկարգությունների(VIDEO) | |
Եվրոպայում գործադուլներն ու բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների, ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել Իտալիայում եւ Իսպանիայում: Իսպանիայում կառավարության տնտեսական քաղաքականության դեմ կազմակերպված համընդհանուր գործադուլի ժամանակ ոստիկաններն արդեն ձերբակալել են 70 ցուցարարի: Բախումների ընթացքում 34 մարդ վիրավորվել է, որոնցից 18-ը՝ իրավապահներ: Կալանավորումների պատճառն այն է, որ որոշ ցուցարարներ փորձել են խանգարել հասարակական տրանսպորտի աշխատանքը եւ ապրանքների տեղափոխումը խանութներ: Բացի այդ, որոշ ցուցարարներ խուլիգանություններ են կատարել: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, բողոքի ակցիայի մասնակիցները շարքից հանել են տարբեր ձեռնարկությունների կողպեքները, որպեսզի դրանով խոչընդոտեն ձեռնարկությունների բացմանը: Իսպանիայի ՆԳՆ տվյալներով, միջադեպերի մեծ մասը տեղի է ունեցել Մադրիդում: Համընդհանուր գործադուլը փաստացի ամբողջությամբ կաթվածահար է արել տրանսպորտի աշխատանքը: Արհմիությունների համաձայնությամբ, ընկերությունները միայն ծառայությունների նվազագույն ծավալ են մատուցում: Բողոքի ակցիայի կապակցությամբ, Իսպանիայի տարածքում աշխատող ավիափոխադրողները մտադիր են միայն 1344 չվերթ իրականացնել՝ այսօր նախատեսված 2322-ի փոխարեն: Միաժամանակ, Իսպանիայում չի գործում ոչ միայն հասարակական տրանսպորտը: Գործադուլին միացել է հավաքարարների մեծ մասը: Արհմիությունների տվյալներով, գործադուլը կաթվածահար է արել երկրի արդյունաբերության առաջադար ոլորտները: Ամբողջությամբ չեն աշխատում Volkswagen-ի Նավարայում գտնվող մեքենաշինական գործարանը, Ford-ի գործարանը (Վալենսիայում), Nissan-ի եւ SEAT-ի գործարանները Բարսելոնայում, Opel-ի գործարանը Սարագոսայում: Կաթվածահար վիճակում են նաեւ մետալուրգիական արդյունաբերության ընկերությունների աշխատանքը, հաղորդում է Dni.ru-ն: Բողոքի ակցիաներ են ընթանում նաեւ Իտալիայի 80 քաղաքներում՝ ի համերաշխություն եվրոպական այլ քաղաքներում տեղի ունեցող գործադուլների: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, մի շարք քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Այսպես, Թուրինում բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները գրավել են տեղի վարչակազմի շենքը, որի արդյունքում տուժել է մեկ ոստիկան: Եւս երկու ոստիկան վիրավորվել է Պադուայում: Նեապոլում ցուցարարները փակել են երկաթուղային գծերը կենտրոնական կայարանում, այլ քաղաքներում եւս լարվածություն է նկատվում: Մասնավորապես, մի քանի մարդ է կալանավորվել Բրեշիայում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |