13:59 Գումարներ տնտեսեք՝ մուծվելու համար, հարևաններից պարտք վերցրեք. «Առավոտ» | |
Ներկայացնում ենք հատվածներ` թերթի խմբագրականից. ««Հաց չունեք՝ կերեք կարկանդակներ»՝ այս արտահայտությունը վերագրում են Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետին, որն, ի դեպ, հետագայում հեղափոխականների կողմից մահապատժի ենթարկվեց։ Չնայած պատմաբանները պնդում են, որ հեղափոխականների գաղափարախոսներից մեկը՝ Ժան- Ժակ Ռուսոն, որը շրջանառության մեջ է դրել այդ ձևակերպումը, իրականում դա հորինել է, և թագուհին զուտ ժամանակագրական առումով չէր կարող նման բան ասել, այդուհանդերձ՝ ֆրազը շատ դիպուկ է և բնութագրում է բոլոր ժամանակների և բոլոր երկրների իշխանությունների ցինիզմը։ Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը խուսափում է այդպիսի տոնայնությունից և դա անում է միտումնավոր (ի տարբերություն շատերի՝ ես չեմ կասկածում նրա մտավոր ունակություններին)։ Նա ասում է՝ գումարներ տնտեսեք՝ մուծվելու համար, հարևաններից պարտք վերցրեք և քանի որ դա լեզվի սայթաքում չէ, այլ գիտակցաբար ընտրված ճանապարհ, ուրեմն ինչ-որ նպատակ ունի։ Ի՜նչ նպատակ՝ մարդկանց մեջ խորացնել ատելությո՞ւնը, նպաստել հեղափոխությա՞նը։ Այդ դեպքում արմատական ընդդիմադիրները, ի դեմս Գալուստ Սահակյանի, ունեն իրենց հավատարիմ գործակալը։ Հնարավոր է՝ է՜լ ավելի ընկճել, հուսահատեցնել մարդկանց։ Չգիտեմ, թե որքանով է այդ հաշվարկը ճիշտ։ Բայց բացառված չէ նաև, որ նման գործիչներն ընդհանրապես կորցրել են կապը իրականության հետ ու իսկապես համարում են, որ իրենք հրաշալի աշխատում են. և քաղաքացիներն ընդվզելու պատճառներ չունեն»,–գրում է թերթը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |