14:42 Համաշխարհային բանկը նվազեցրել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը | |
2013թ. համաշխարհային տնտեսությունը կաճի 2,4, 2014թ.` 3,1, իսկ 2015թ.` 3,3 տոկոսով: Ընդ որում, նախորդ տարի համաշխարհային ՀՆԱ-ն աճել էր 2,5 տոկոսով, ասված է Համաշխարհային բանկի Global Economic Prospects զեկույցում: Այսպիսով, Համաշխարհային բանկը նվազեցրել է 2013թ. համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը, որը պայմանավորված է զարգացած երկրներում սպասվածից ավելի դանդաղ վերականգնմամբ: Բանկի փորձագետները նաեւ նախազգուշացնում են, որ ԱՄՆ-ում բյուջեի եւ պետպարտքի վերին շեմի վերաբերյալ վեճերը կարող են վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը: Նվազեցվել են նաեւ զարգացող երկրների վերաբերյալ կանխատեսումները, քանի որ դրանց տնտեսությունը նախորդ տարի աճել էր շատ դանդաղ տեմպերով: 2013թ. աճի կանխատեսումը նվազեցվել է մինչեւ 5,5%-ի` հունիսի 5,9% կանխատեսման փոխարեն: Հաջորդ տարի աճը մի փոքր կավելանա եւ կկազմի 5,7%, իսկ 2015թ. այն կհասնի 5,8%-ի: Մինչեւ վերջին համաշխարհային ֆինանսական ճգնաժամը զարգացող երկրները միջինը ցուցաբերել են 7,5% աճ, իսկ Չինաստանի տնտեսությունն աճել է տարեկան 10%, հայտնում է «Վեստի էկոնոմիկան»: Համաշխարհային բանկի փորձագետներն ակնկալում են, որ այս տարի Չինաստանի տնտեսությունը կաճի 8,4%-ով, սակայն 2015թ. կդանդաղի մինչեւ 7,9%-ի: Այս տարի զարգացած երկրների տնտեսական աճը կկազմի ընդամենը 1,3%: Ցուցանիշը 2014թ. պետք է աճի 2%-ով, իսկ 2015թ.՝ 2,3% -ով: ԱՄՆ-ում 2013թ. աճը կդանդաղի մինչեւ 1,9%, սակայն արդեն 2014թ. կաճի 2,8%-ով, իսկ 2015թ.` 3%-ով: Ընդ որում, Եվրագոտու ՀՆԱ-ն ընթացիկ տարում կնվազի 0,1%-ով` չնայած արդեն 2014թ. տնտեսական աճը կկազմի 0,9%, իսկ 2015թ.` մինչեւ 1,4%: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |