![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
17:56 Համաշխարհային բանկը $12 մլն-ի վարկ է տրամադրել Հայաստանին | |
![]() Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հուլիսի 3-ին հաստատել է $12 մլն գումարով վարկ՝ Հայաստանի «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» (ՀՎԱԾ) համար: Ծրագրի ընդհանուր արժեքը $15,1 մլն է, որից $12 մլն-ը ՀԲ-ի վարկային միջոցներին են, $3,1 մլն-ը՝ կառավարության համաֆինանսավորումը։ Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 5 տարին՝ արտոնյալ: Ըստ ՀԲ-ի երևանյան գրասենյակի հաղորդագրության՝ ծրագիրը կօժանդակի Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) արդիականացնելու գործառույթները, ընդլայնելու էլեկտրոնային կառավարման կիրառումը, այդ թվում՝ հարկային հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացումը, և ներդնելու հարկային պարտավորությունների կատարման առավել հասցեական, ռիսկի վրա հիմնված ռազմավարություն։ «Կառավարությունը, զարգացման գծով գործընկերների՝ մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՀԲ օժանդակությամբ, արդեն իրականացրել է եկամուտների վարչարարության բարելավմանն ուղղված քայլեր»,- ասել է ՀԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին: Ըստ ՀԲ-ի՝ Հայաստանում հարկեր (առանց սոցվճարների)/ՀՆԱ շուրջ 16,3% ցուցանիշը շարունակում է ցածր մնալ՝ եկամտի մակարդակի համեմատ: Հանրային ծառայություններում և ենթակառուցվածքում ներդրումների համար հարկաբյուջետային հնարավորությունների ստեղծման, աղքատության նվազեցման և տնտեսական աճի նպատակների իրագործման համար պահանջվում է եկամուտների հավաքման հետագա աճ: Միաժամանակ անհրաժեշտ է հարկային վարչարարության արդիականացում՝ գործարար միջավայրը բարելավելու և մասնավոր հատվածի զարգացումն ու աճը բարելավելու համար: Առաջարկվող ծրագրի միջոցով կավելանա հարկատուների կողմից պարտավորությունների կամավոր կատարումը, կնվազեն հարկերից խուսափումը և հարկային պարտավորությունների կատարման ծախսերը, ինչպես նաև կբարձրանա ՊԵԿ-ի վարչարարական արդյունավետությունը: Նշված նպատակները կիրագործվեն` ա) ՊԵԿ-ի գործառնություններին օժանդակելու համար արդի, ինտեգրված տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ, բ) ՊԵԿ-ի և մյուս մարմինների միջև տվյալների փոխանակման բարելավմամբ՝ ռիսկի կառավարումը և հարկային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների հասցեականությունը կատարելագործելու նպատակով, գ) արդյունավետությունը և օպերատիվությունը բարելավելու և էլեկտրոնային կառավարումն ընդլայնելու համար բիզնես գործընթացների վերակազմակերպմամբ և ավտոմատացմամբ, դ) էլեկտրոնային կառավարման ընդլայնմամբ, այդ թվում` հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացումը և էլեկտրոնային վճարումները՝ մասնավոր հատվածի համար հարկային պարտավորությունների կատարման բեռը թեթևացնելու նպատակով: Նշենք, որ 1992-ից ի վեր ՀԲ-ն Հայաստանին հատկացրել է $1,624 մլրդ-ի վարկային միջոցներ։ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |