21:43 Հաստատվել է Երևանի 2013թ. տեղական հարկերի և տուրքերի դրույքաչափերը | |
Նոյեմբերի 28-ին գումարված հերթական նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին: Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել "Մեդիքալ Ինվեստ" սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված` "Քանաքեռ-Զեյթուն" բժշկական կենտրոն" փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելու և ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկին: "Մեդիքալ Ինվեստ" սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հավատարմագրային կառավարման գործարքի իրականացման դեպքում պարտավորվում է պայմանագրային ամրագրմամբ՝ բժշկական կենտրոնի հիմնական վերանորոգման և վերակառուցման աշխատանքների իրականացման, այն ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցնելու և բուժանձնակազմի վերապատրաստման նպատակով՝ 10 տարվա ընթացքում կատարել շուրջ 2 400 000 000 (երկու միլիարդ չորս հարյուր միլիոն) դրամի ներդրումներ: Հաշվի առնելով Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև կիրառելով "Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված տարբեր տուրքերի համար գոտիավորման սկզբունքը` Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ սահմանել է Երևան քաղաքի վարչական տարածքի 2013թ. տեղական հարկերի և տուրքերի դրույքաչափերը: Երևանի ավագանին հավանություն է տվել նաև Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշման նախագծերին: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |