16:12 Հայաստանում 59 պանիր արտադրողներ կտուգանվեն արտադրանքում աղիքային ցուպիկի առկայության պատճառով | |
Հայաստանում 59 պանիր արտադրողներ կտուգանվեն «Չանախ» տեսակի պանրում աղիքային ցուպիկի առկայության պատճառով: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության պետ Աբրահամ Բախչագուլյանը: Տուգանքը կկազմի յուրաքանչյուրից 450-հազարական դրամ: Խախտողների ցուցակը կհրապարակվի մոտ ապագայում: Ստուգումների արդյունքում առգրավվել է ոչնչացման ենթակա 5540 կգ «Չանախ» պանիր: 18 սուբյեկտների կարգադրվել է ժամանակավոր դադարեցնել արտադրությունը: Պանրի փորձնական խմբաքանակ արտադրելուց եւ պետտեսչության լաբորատորիայում «կանաչ լույս» ստանալուց հետո արտադրությունը կարելի կլինի վերսկսել: Բախչագուլյանը նաեւ ընդգծել է, որ արգելքը վերաբերում է միայն «Չանախ» պանրին: «Մնացած արտադրանքներն ընկերությունները կարող են արտադրել առանց սահմանափակումների»: Նշենք, տնտեսվարող սուբյեկտների պնդմամբ, խանութներում կարող է գործարանայինի անվան տակ եւ նման փաթեթավորմամբ նաեւ գյուղական պանիր վաճառվել: Ի պատասխան դրա Բախչագուլյանը նշել է, որ համաձայն գործող օրենսդրության՝ տեսչությունն լիազորված էր ստուգել միայն գրանցված տնտեսվարող սուբյեկտների արտադրանքը: «Մենք գիտենք, որ կան նաեւ չգրանցված արտադրողներ, բայց տվյալ ստուգման շրջանակում մեր լիազորությունները մեզ թույլ չեն տալիս ինչ-որ քայլ ձեռնարկել. մենք արտադրանքն ենք ստուգել, ոչ թե իրացումը»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |