14:07 Հայաստանում արտադրվող ավտոբուսները հնդկական ծագում կունեն | |
Հայաստանում ավտոբուսների արտադրությունը կիրականացնի հնդկական Ashok Leyland ընկերությունը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 16-ին ՀՀ կառավարությունը MED A.KGmbH ընկերությանը 35 տարի ժամկետով վարձակալության է տրամադրել Միկոյան 18 հասցեում գտնվող արտադրական տարածքները՝ ավտոբուսներ արտադրելու համար: Սակայն այդ ընկերության անունը այնքան էլ հայտնի չէ: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տեղեկատվության համաձայան՝ իրականում ավտոբուսների արտադրությունը պետք է կազմակերպի հնդկական ընկերությունը: Իսկ MED A.KGmbH-ն հավանաբար հնդկական ընկերության ներկայացուցչությունն է Գերմանիայում: Իսկ թե ինչու է պայմանագիրը կնքվել հենց MED A.KGmbH-ի հետ՝ այնքան էլ պարզ չէ: MED A.KGmbH-ը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում կազմակերպել միջին եւ մեծ տեղատարողության մեքենաների (ավտոբուսների) արտադրություն` 7 տարվա ընթացքում ներդնելով 7 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Գործարանին անհրաժեշտ սարքավորումները եւ պահեստամասերը կներմուծվեն հնդկական կողմից, Հայաստանում կիրականացվի ավտոբուսների հավաքման ընթացքը։ Գործարանի գործարկման առաջին տարում նախատեսվում է արտադրել մինչեւ 200 ժամանակակից, բարձրակարգ ավտոբուս։ Դրանք անաղմուկ են, հարմարավետ նստարաններով, ունեն օդորակման համակարգ։ Հայաստանում արտադրվող ավտոբուսները զգալի էժան կլինեն մինչ օրս ներմուծվող ավտոբուսներից։ Գործարանի շինարարությունը կմեկնարկի 2013թ. առաջին եռամսյակում։ Մինչ այդ հանրությանը կներկայացվեն արտադրվող ավտոբուսների նմուշները։ Ashok Leyland կազմակերպությունը հիմնվել է 1948թ։ Այն Հնդկաստանի ավտոբուսներ եւ բեռնատարներ արտադրող երկրորդ խոշոր ընկերությունն է, ընդ որում՝ ավտոբուսների շուկայում համարվում է առաջատար։ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |