22:28 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ի դեմս Քեսաբի եւ քեսաբահայության՝ շարունակվում է Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը.ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ | |
Թուրքիան, խախտելով միջազգային բոլոր օրենքներն ու պարտավորվածությունները, օրերս գնդակոծել է Քեսաբ հայկական գյուղն ու շրջանը, այնուհետեւ իր սահմանից ճանապարհ բացել, որպեսզի Սիրիայում գործող իր վարձկան <<Ջաբհադ ան Նուսրայի>> եւ <<Ջեյշ ալ Իսլամի>> ահաբեկչական խմբավորումները կարողանան գրավել հայկական Քեսաբ քաղաքատիպ ավանը հարեւան գյուղերով, ինչի հետևանքով շուրջ 670 հայ ընտանիքներ լքել են իրենց տները պատսպարվելով Լաթաքիայում։ Գաղտնիք չէ, որ Թուրքիայի համար Քեսաբը մշտապես եղել է թիրախ, իսկ Սիրիայում վերջին շրջանում ընթացող ողբերգական իրադարձությունները նրան հնարավորություն ընձեռեցին փորձելու հայաթափել հայաշատ եւ հայաշունչ այդ բնակավայրը։ Թուրքական իշխանությունը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ծրագրավորված ձգտում է ամբողջ տարածաշրջանը վերջնականապես հայաթափել, տեսնել Սիրիան առանց հայերի, որովհետեւ Սիրիայի հայերը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն են եւ ուղիղ պահանջատերեր։ Թուրքիան օգտագործելով առիթը դիմում է քայլերի առավել օգուտներ քաղելու համար եւ իրականացնում պանթուրքիստական հեռու գնացող իր ծրագրերը: Ռամկավար Ազատական կուսակցությունը կարծում է, որ Քեսաբի հայաթափման հարցով ՀՀ իշխանությունները եւ Սփյուռքը պետք է ուժգնորեն անհանգստացնեն միջազգային ընտանիքին, որը պայքար է հայտարարել ահաբեկչության դեմ։ ՌԱԿ-ը կոչ է անում բոլոր պետություններին օգտագործելու առկա միջոցները վերջ տալու Քեսաբի խաղաղ բնակչության դեմ հարձակումներին, հնարավորություն տալով հայերին և գյուղի բոլոր բնակիչներին վերադառնալու իրենց բնակավայրը։ Միջազգային հանրությունը պետք է զսպի թուրքերին կասեցնելու այս եւ համանման հակահայկական գործողությունները։ ՌԱԿ-ը նաեւ կոչ է անում Հայաստանի ԱԳ նախարարությանը՝ անհապաղ միջազգային բոլոր ատյաններում բարձրացնել Քեսաբի ազգաբնակչության տեղահանման խնդիրն ու պահանջել Թուրքիայից դադարեցնել հայերի տեղահանման հերթական ցեղասպան ծրագիրը։ ՀՀ իշխանությունները պետք է դիմեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, կտրուկ միջոցներ ձեռք առնել՝ դադարեցնելու համար թուրքական ոտնձգությունները։ ՌԱԿ-ը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը եւ առաջադեմ մարդկությանը՝ իրենց ձայնը բարձրացնելու Թուրքիայի եւ նրա կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների բռնարարքների դեմ: ՀՀ իշխանությունները Սփյուռքյան կառույցների հետ համատեղ քայլեր պետք է մշակեն այս հարցի շուրջ միջազգային կարծիք ձևավորելու և ստեղծված իրավիճակը շտկելու համար։
ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Երեւան, 25 մարտի 2014թ. | |
|
Մեկնաբանություններ: 0 | |