Դուք դատապարտում եք մարդկանց աղքատության, և 2013 թ. բյուջեի ընդունումից հետո աղքատությունը 35 %-ից դառնում է 37%: Հետո ինչ, որ ՀՆԱ-ն աճում է: ՀՆԱ-ն աճում է 10 հոգու համար: Բա մնացա՞ծը: ԱԺ-ում Նվազագույն աշխատավարձի մասին օրենքում փոփոխություններ անելու քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով, այսօր երկիրը քշվում է սոցիալական կատակլիզմների: Այդ բողոքը արտահայտվում է արտագաղթով, բայց դա իր սահմաններն ունի:
Բագրատյանը հայտարարեց, որ 2.5 հազ. դրամով նվազագույն աշատավարձի բարձրացումը բացարձակապես անհեթեթ փոփոխություն է:
«Օպտիմալ է, երբ նվազագույն աշխատավարձը կազմում է միջինի 40%-ը: Նվազագույն աշխատավարձի ավելի բարձր լինելը հանգեցնում է բյուջետային խնդիրների, ինչպիսիք կան Հունաստանում կամ Իսպանիայում:
Շատ ցածր լինելը հանգեցնում է բևեռացման. հարուստների և աղքատների միջև տարբերությունը մեծանում է, ստեղծվում է դույլի էֆեկտ, և կապիտալը փախչում է երկրից, որովհետև շուկան նեղանում է: Այսինքն՝ նույն օլիգարխը, նույն պետությունը, որ քիչ աշխատավարձ է տալիս, հանկարծ տեսնում է, որ կա կապիտալի ավելցուկ, արտադրություն ընդլայնելու կարիք չկա»,- ընդգծեց Բագրատյանը: