13:21 Հունական կառավարությունն ամբողջ կազմով մեկնում է Թուրքիա բանակցությունների | |
Մարտի 4-ին Ստամբուլում տեղի կունենան Հունաստանի եւ Թուրքիայի վարչապետներ Անտոնիս Սամարասի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Նրանք նաեւ կմասնակցեն Համագործակցության գերագույն խորհրդի նիստին եւ Գործարարներերի ֆորումին: Սպասվում է, որ տնտեսական խնդիրներից բացի վարչապետները կքննարկեն երկկողմ հարաբերությունների մի շարք սուր հարցեր: Նիստի ավարտին սպասվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում, երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես կգան հայտարարություններով: Նախատեսված է նաեւ Սամարասի հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի, ինչպես նաեւ պատրիարք Բարդուղիմեոսի հետ: Հույն վարչապետին կուղեկցեն բոլոր նախարարները: Տնտեսական ֆորումին կմասնակցեն 100 հույն եւ 200 թուրք ձեռնարկատեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հունվարի սկզբին հունական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հունաստանի կառավարությունը մտադիր է ՄԱԿ-ի ծովային իրավունքի հարցով հանձնաժողովին հայտ ներկայացնել իր մայրցամաքային ելքի եւ տնտեսական գոտու հնարավորությունները հաստատելու համար: Անկարան ի պատասխան Աթենքին կոչ էր արել միակողմանի քայլեր չանել` խոստանալով համապատասխան միջոցներ ձեռնարկել: Հարաբերությունները սրվել էին, երբ Հունաստանը եւ Կիպրոսը հայտարարել էին իրենց բացառիկ տնտեսական գոտում խոշոր ածխաջրածնային պաշարների բացահայտման մասին: Բացի դրանից, Թուրքիան ցանկանում է իսլամի դասավանդում կազմակերպել Արեւմտյան Թրակիայի այն դպրոցներում, որտեղ թուրքեր կան, ինչին Հունաստանի խորհրդարանը դեմ է: Թուրքիան խնդրում է նաեւ թույլ տալ մզկիթ կառուցել Աթենքում եւ դրա համար պատրաստ է միջոցներ հատկացնել: Հունական խորհրդարանում այս նախաձեռնությունն էլ է մերժվում: Հունական կողմը դժգոհ է նաեւ ուղղափառ եկեղեցիները մզկիթների վերածելու Թուրքիայի ծրագրերից, մասնավորապես` աշխարհում հայտնի բյուզանդական Սուրբ Սոֆիայի տաճարը, որտեղ 1935թ.-ից թանգարան է գործում: Նախատեսվում է մզկիթի վերածել նաեւ Տրապիզոնի Սուրբ Սոֆիայի տաճարը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |