19:24 Հստակեցվելու են անշարժ գույքի գնահատման ընթացակարգերը | |
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի հետ քննարկել օրինագծի մանրամասները, հանդես գալ միասնական դիրքորոշմամբ։ Գործադիրը քննարկել է «Բազմազավակ ընտանիքների աջակցության և բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը։ Ըստ կառավարության եզրակացության, օրինագիծը չի համապատասխանում «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին, ինչպես նաև կպահանջի լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Ողջունելով նախագծի հեղինակների նպատակադրումը` կառավարությունն առաջարկում է խնդրին անդրադառնալ «ՀՀ բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման ընդունումից հետո` դրա համատեքստում։
Այս երկու պատգամավորները հանդես են եկել նաև «Հուղարկավորության կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ, որի նպատակն է ներմուծել մասնավոր գերեզմանատների ինստիտուտը, ինչն օրինական հիմքի վրա կդնի դրանց գործունեությունը։ Գործադիրն սկզբունքորեն ընդունելի է համարում առաջարկվող գաղափարը` հայտնելով, որ ՀՀ կառավարությունում մշակվել և այժմ քննարկման փուլում է համանման օրենքի նախագիծը։ Վերջին երկու օրինագծերի վերաբերմամբ նույնպես վարչապետը կարևորել է համագործակցությունը դրանց հեղինակների հետ` փոխադարձ ընդունելի փաստաթուղթ ստեղծելու և Ազգային ժողով ներկայացնելու համար։
Հիմք ընդունելով «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքը` գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում և փոփոխություն, որոնց նպատակն արտոնագրային վճարի համակարգում ներառված գործունեության որոշ տեսակների համար գոտիականություն սահմանելն է։ Որոշումը տարածվում է ատամնաբուժական կամ ատամնատեխնիկական գործունեության, վարսավիրական ծառայության մատուցման, ավտոտեխսպասարկման կայանների, բիլիարդ խաղի, սեղանի թենիս խաղի և գործունեության մի քանի այլ տեսակի վրա, որոնց կազմակերպման համար հիմք է ընդունվում Երևան քաղաքի գոտիականությունը։
Իր որոշմամբ կառավարությունը բաշխել է ՀՀ 2013 թ. պետբյուջեով ազգային փոքրամասնություններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները։ Ամեն տարի ընդունվող իրավական ակտի համաձայն` ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններն ստացված գումարն օգտագործում են ազգային ինքնության պաշտպանությանն ուղղված կազմակերպական, կրթական և մշակութային խնդիրների լուծման նպատակով։
Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` ՀՀ կառավարությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները և սպասարկող անձնակազմն ապահովվեն համապատասխան բնակելի տարածքով։
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |