14:47 Կարմիր խավիարը Երեւանում երկու անգամ ավելի թանկ է, քան Մոսկվայում | |
Լինում են նաեւ այսպիսի զուգադիպություններ. Հայաստանի մայրաքաղաքում երկու տեսակի «ծովամթերք» տարվա ընթացքում թանկացել է միեւնույն` 10,4%-ով: Ճիշտ է, բացարձակ աճով տարբերությունը հսկայական է. եթե ապրանքատեսակներից մեկը թանկացել է 37,5 դրամով, ապա մյուսը` 6,2 հազ. դրամով: Առաջինը պահածո «տոմատով կիլկան» է, իսկ մուսը` կարմիր խավիարը: Ի դեպ, Մոսկվայում, որը համարվում է աշխարհի ամենաթանկ մայրաքաղաքներից մեկը, նույն կարմիր խավարը հնարավոր է ձեռք բերել երկու անգամ ավելի էժան, քան Հայաստանում: Այսպիսով, գնաճը փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ կազմել է 103,1%: Պարենային ապրանքների մասով այն կազմել է 102,6%: Միջին մանրածախ գներում աճի բարձր տեմպն արձանագրվել է ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի խմբում` 5,1%: Բժշկական ծառայությունը, դեղորայքի հետ համատեղ աճել է միջինը 10,2%-ով: Սա, իհարկե, կարմիր խավիար չէ, եւ կարիք ունեցողների համար դժվար է հրաժարվել դրանցից: Սպիրտային խմիչքի խմբում ընդհանուր առմամբ արձանագրվել է գնաճ, բացի շամպայնից եւ երեք աստղանի «Մանե» կոնյակից, որոնց գինը նվազել է 14,5-ական տոկոսով: Անցյալ տարվա մակարդակին է մնացել տեղական օղու գինը: Ամենավատն այն է, որ թանկացել է Հայաստանի բանկիչների համար ամենակարեւոր սննդամթերքը` հացը: Վերջին տարիներին հացի գներն անշեղորեն բարձրանում են, ընդ որում անտեսելով հացահատիկի միջազգային շուկայում գների միտումները: Սկզբում նշենք, որ տարվա ընթացքում մայրաքաղաքում կտրուկ աճել է բարձր կարգի ալյուրի գինը 20,5%-ով: Բարձր կարգի հացի գինն էլ թանկացել է 8,6%-ով կիլոգրամի դիմաց: Սրա հետ կապված ավելացել են նաեւ մակարոնեղենի գները: Ամսական միջին անվանական աշխատավարձի տվյալները փետրվարի մասով դեռեւս չեն հրապարակվել, սակայն հազիվ թե այդ ցուցանիշի աճի տեմպը գերազանցի հունվարյան մակարդակը` 4,5%: Դժվար չէ նկատել, որ վերոնշյալ թանկացումներն իրենց աճի տեմպով գերազանցում են ամսական միջին անվանական աշխատավարձի ցուցանիշը: Գների դինամիկայում կան, իհարկե, նաեւ դրական պահեր: Օրինակ, տավարի միսը թանկացել է, սակայն խորհրդանշական` 0,1%-ով: Իսկ ահա խոզի եւ ոչխարի մսի գինը նվազել է համապատասխանբար 6,8% եւ 19,2% -ով: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |