![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
18:58 Մաքսանենգության եվ մաքսային կանոնների խախտման 125 դեպք է հայտնաբերվել | |
2012թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման 125 դեպք` մոտ 422 մլն դրամ գումարի չափով, որից 140 մլն դրամի մասով կազմված նյութերը մաքսանենգության հատկանիշներով ուղարկվել են նախաքննության մարմիններ: ՊԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման 125 դեպքերից 14-ը հայտնաբերվել են մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության, 38-ը` հետբացթողումային հսկողության վարչության, 68-ը` ՊԵԿ այլ ստորաբաժանումների, իսկ 5-ը` Ազգային անվտանգության ծառայության կողմից: Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը տեղեկացրել է, որ 15-օրյա ժամկետում հետաքննության մարմինների կողմից վերականգնվել է մոտ 35 մլն դրամ, գանձվել են մոտ 110 մլն դրամի մաքսային վճարներ: Կանխվել է սահմանված 5 մլն դրամը գերազանցող մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի եւ 2 կգ ոսկյա իրերի անօրինական արտահանումը: 2012-ի առաջին կիսամյակում ՊԵԿ Քննչական վարչությունում քննվել է 26 քրեական գործ, որոնցից 8-ը եղել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ: «Իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է ավելի քան 28 գրամ «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներկրումը Հայաստանի Հանրապետություն (համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի Հավելված 1-ի՝ մետամֆետամինի 1,5 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ): Օրերս կանխվել է նաեւ ավելի քան 25 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ներկրումը հանրապետություն: Ի դեպ, նկատվում է փոստային առաքումների միջոցով թմրամիջոցների մաքսանենգության աճ, սակայն օրինախախտները հաշվի չեն առնում, որ Հայաստանի մաքսային մարմինները վերազինված են արգելված ապրանքներ հայտնաբերող ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաեւ այդ ապրանքները հայտնաբերող մասնագիտացված շներով»,-ընդգծել է Սամվել Սանամյանը: Մաքսանենգության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու կարեւոր ուղղություններից մեկն էլ միջազգային համագործակցությունն է ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական պետությունների հետ. «Այս տարվա ընթացքում, մասնավորապես, սահմանների համալիր կառավարման գործում փորձի փոխանակման եւ ուսուցողական մի շարք այցեր են կազմակերպվել Խորվաթիա եւ Ռուսաստան: ՊԵԿ մասնագետներն Ուկրաինայում մասնակցել են նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը: Իսկ «EXBS» ծրագրով ՊԵԿ-ի 6 աշխատակից ԱՄՆ-ում մասնակցել են զանգվածային ոչնչացման զենքի ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ուղղված իրազեկման միջոցառումների»,-տեղեկացրել է մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետը: Մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտումների հայտնաբերման գործում վարչությունը համագործակցում է նաեւ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների եւ կազմակերպությունների հետ` այդ թվում Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, ՄԱԿ-ի «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման» ծրագրի, «Ինտերպոլ-Հայաստան»-ի եւ այլն: Միաժամանակ շարունակվում է ակտիվ համագործակցությունը եվրոպական եւ ԱՊՀ անդամ-երկրների մաքսային ծառայությունների հետ. ուղարկվել եւ ստացվել են բազմաթիվ հարցումներ, ինչը եւս հանգեցրել է մաքսային կանոնների խախտման եւ մաքսանենգության հայտնաբերման արդյունավետության բարձրացմանը: ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի շրջանակներում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՌԴ մաքսային ակադեմիայի իրավապահ գործունեության ինստիտուտի հետ, համաձայն որի՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները վերապատրաստման դասընթացներ կանցնեն նշված ԲՈՒՀ-ում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |