08:23 Ովքեր ե՞ն աղքատները եւ քանիսն ե՞ն. Վիճակագրություն | |
2011 թ. աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 35%` 2010 թ. 35.8%-ի համեմատ: Այդ մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2012» հրապարակման մեջ: Աղքատ են համարվել այն անձինք, որոնց ամսական սպառումը ցածր է եղել 36.1 հազ. դրամից (աղքատության վերին գիծ): Այն անձինք, որոնց սպառումը չի գերազանցել 29.8 հազ. դրամը (աղքատության ստորին գիծ) համարվել են շատ աղքատ, իսկ 21.3 հազ. դրամը (աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ) չգերազանցելու դեպքում` ծայրահեղ աղքատներ կամ թերսնվածներ: Հայաստանի բնակչության յուրաքանչյուր հինգերորդը ծայրահեղ աղքատ է (19.9%), իսկ 3.7%-ը` ծայրահեղ աղքատ: Այսպիսով, ըստ պաշտոնական վիճակագրության, հանրապետությունում մոտ 120 հազ. մարդ մշտապես թերսնվում է: Նշենք, որ աղքատության մակարդակը 2004 թ. կազմել է 53.5%, սակայն այնուհետ սկսել է իջնել` 2008 թ. հասնելով 27.6%-ի: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ աղքատության կշիռը կրկին բարձրացել , 2009 թ. 35%, 2010 թ.` 35.8%: Երեւանում աղքատության մակարդակն ամենացածրն է երկրում` 27.5%: Միջին հանրապետականից բարձր են ՀՀ Շիրակի, Կոտայքի, Լոռու, Արարատի, Գեղարքունիքի Արմավիրի մարզերի ցուցանիշները: ՀՀ Շիրակի մարզը իր բարձր աշխարհագրական դիրքով եւ 1988թ. ավերիչ երկրաշարժից առավել տուժած բնակավայրերով, շարունակում է մնալ ՀՀ ամենաաղքատ տարածաշրջանը, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության 47.7%-ը: Աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 111.5 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 3 % կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների: Մինչեւ 18 տարեկան երեխաների 4.7%-ն ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 41.9%-ն` աղքատության մեջ: Այսպիսով, երեխաներն ավելի խոցելի են աղքատության ռիսկի նկատմամբ, քան բնակչությունն ամբողջությամբ վերցված: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |