12:40 Փոխարժեքն ու արտաքին առեւտուրը | |
Մի քանի խելոք ուղեղներ ծրագրեր են մշակում արտահանումը խրախուսելու համար: Միլիոնավոր դրամներ են ծախսվում բյուջեից այդ նպատակով: Սույն հոդվածով փորձենք մի քանի անվճար խորհուրդ տալ բոլոր նման ծրագրերի սիրահարներին: Նախ հիշեցնենք, որ 10 տարի անընդմեջ Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը վատթարանում է, եւ 2012 թ. բացառություն չէր: Միակ բացառությունը թերեւս ճգնաժամային 2009-ին էր, երբ մեր արտաքին առեւտրի բացասական մնացորդը նվազեց միանգամից 600 մլն դոլարով, բայց դա տեղի ունեցավ պարզապես առեւտրաշրջանառության ծավալների անկման շնորհիվ (արտահանումը նվազեց 30%-ով): 2012 թ. Հայաստանի արտաքին առեւտրի բացասական մնացորդը հասավ 2,838 մլրդ դոլարի, 2011-ի՝ 2,811 մլրդ դոլարի համեմատ: Այսինքն՝ 27 մլն դոլարով մեր հաշվեկշիռը վատթարացավ: Չգիտես ինչու՝ սա չի խանգարում իշխանության որոշ ներկայացուցիչների պնդել, որ արտահանումը ներմուծումից ավելի արագ է աճել: Ամենատարրական հաշվարկները ցույց են տալիս, որ արտահանման առաջանցիկ աճ կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ ներմուծման 1% աճին համընկնի արտահանման առնվազն 3% աճ: Իսկ այդպիսի հարաբերակցության մենք դեռ չենք կարողանում հասնել: Փորձենք պարզել արտաքին առեւտրի հաշվեկշռի վատթարացման պատճառները: Հաշվեկշիռը բարելավվման միտում է ունեցել 1998- 2002 թ.թ.: Այդ ժամանակ էլ հաշվեկշռի բացասական մնացորդը 1998 թ. 680 մլն դոլարից իջել է մինչեւ ռեկորդային նվազագույն 480 մլն դոլար մակարդակին (2002 թ.): Այնուհետեւ սկսել է արագորեն աճել, իսկ 2006 թ. գերազանցել է 1 մլրդ դոլարը: Դրանից հետո 2 տարի անընդմեջ մեր արտաքին առեւտրի բացասական մնացորդը աճեց տարեկան 1 մլրդ դոլարով: Սա մի փոքր հիշեցում է այն մարդկանց, որոնք այդ տարիները դրական են գնահատում Հայաստանի տնտեսության համար: 2011 թ. առաջին անգամ Հայաստանի ներմուծման ծավալը գերազանցեց 4 մլրդ դոլարը՝ ավելի քան 3 անգամ գերազանցելով արտահանման ծավալներին: Առաջին իսկ հայացքից աչքի է զարնում հետեւյալ կապը՝ մեր արտաքին առեւտուրը բարելավվում էր, երբ դրամն արժեզրկվում էր, եւ վատթարանում՝ երբ արժեւորվում էր: Այսպես՝ 90-ական թվականների վերջին եւ 2000ական թվականների սկզբին մենք ունեինք արժեզրկվող դրամ: Ազգային արժույթի փոխարժեքը արդեն 1999 թ. գերազանցեց 500 դրամը, իսկ 2003 թ. կեսերին հասավ 580 դրամի: Այդ տարիներին մենք ներմուծման աճ չենք ունեցել, բայց ունեցել ենք արտահանման կրկնակի աճ: 2003 թ. կեսերից դրամը սկսեց արագորեն թանկանալ, ու արդյունքում՝ ներմուծման ծավալները սկսեցին շատ արագ աճել: Սկսվեց ներմուծողների «ոսկյա» դարաշրջանը, ինչի շնորհիվ օլիգարխիկ կառույցներն ու մենաշնորհները բազմապատկեցին իրենց հարստությունը՝ ի վնաս տեղական արտադրողների: Ընդ որում՝ որքան դրամն արագ էր թանկանում, այնքան ներմուծման ծավալներն արագ աճում էին: Այսպիսով՝ փոխարժեքը արտաքին առեւտրի կառուցվածքի վրա ազդող հիմնական գործոն է եղել ու մնում է այդպիսին: Արդեն այն հանգամանքը, որ 2012 թ. դրամը մոտ 5 %-ով էժանացավ դոլարի նկատմամբ, հանգեցրեց ներմուծման աճի դանդաղման: Սակայն դոլարի նկատմամբ այդ ընթացքում թուլացան նաեւ մյուս արժույթները (ռուբլի, եվրո, թուրքական լիրա), այդ պատճառով դրամի օգնությունը մեր տնտեսությանն այնքան էլ մեծ չէր: Ի՞նչ այլընտրանք է առաջարկում կառավարությունն արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը բարելավելու համար: Մի փոքր կազմակերպչական ու տեխնիկական աջակցություն արտահանողներին, ընդհանուր առմամբ՝ մոտ 1 մլն դոլարի չափով: Ու մի քանի թանկարժեք ծրագիր: Բայց մեծ նպատակների համար այս փոքր քայլերը բավական չեն, թեեւ կառավարության մոտեցումների փոփոխությունն արդեն իսկ դրական ազդակներ է փոխանցում բիզնեսին: Բայց այս տեմպերով արտաքին առեւտրի հաշվեկշռի դրական ու կտրուկ փոփոխությունների առաջիկա տարիներին հազիվ թե ականատես լինենք: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |