14:29 ՊԵԿ կրճատումների արդյունքում 134 աշխատակից դուրս է մնացել հարկային համակարգից | |
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով` հուլիսի 23-ից հարկային 6 տարածքային տեսչություն է կրճատվել, ինչի արդյունքում հարկային համակարգից դուրս է մնացել 134 աշխատակից: «Մենք դա արել ենք համապատասխան հանձնաժողովի միջոցով 3 ամիս ուսումնասիրություններ կատարելուց հետո: Այն աշխատակիցները, ովքեր այսօրվա պահանջներին չեն համապատասխանում, պետք է հեռանան համակարգից», այսօր լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը` հավելելով, որ աշխատանքից ազատված աշխատակիցներին փոխարինելու են նոր բանիմաց կադրերով: Հարկային եւ մաքսային համակարգերում բարեփոխումները պահանջ են առաջադրում նաեւ բարձրացնել պետական եկամուտների հետ առնչվող մասնագետների թե գրագիտությունը եւ թե բարեկրթությունը: Այդ նպատակով Պետեկամուտների կոմիտեն իր կազմում արդեն գործարկել է նոր կառույց` Ուսումնական կենտրոն իր մասնաճյուղերով: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր այցելեց Արարատյան տարածաշրջանային մաքսատան շենքում տեղակայված մասնաճյուղ, որտեղ տեսական գիտելիքներ եւ գործնական հմտություններ են ձեռք բերում մի քանի տասնյակ մաքսային ծառայողներ: Նրանց իրենց հմտություններն են փոխանցում Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները: ՊԵԿ-ն իր մասնագետների շարքերը նոր կադրերով համալրելու նպատակով Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ պայմանավորվածությամբ լավագույն նորավարտ ուսանողներին է կանչում իր մոտ: Համակարգը բանիմաց կադրերով համալրելու նպատակադրումը նաեւ որոշ առումներով խիստ երանգներով է արտահայտվում. ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան: Մաքսային մարմինների հետ առնչվելիս քաղաքացիների դժգոհությունը հարուցող հիմնական հարցերից մեկն էլ իրենց ներկրած ապրանքների մաքսային արժեքի որոշմանն է վերաբերում: Երբեմն նրանք արտասահմանում տվյալ ապրանքը ձեռք են բերում շատ ցածր գնով, սակայն մեր երկրի սահմանին դրանց մաքսային արժեքն ավելի բարձր է գնահատվում, ինչը նշանակում է առավել բարձր մաքսատուրքերի վճարում: Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետներն իրենց խորհուրդներն են տալու նաեւ այս հարցի առնչությամբ: Համակարգի հատկապես բարդ խնդիրներից է էթիկայի նորմերի պահպանումը եւ որոշ աշխատակիցների դրանց պարտադրումը. խոստովանում է Գագիկ Խաչատրյանը: ՊԵԿ-ում էթիկայի նոր բաժին է ստեղծվել, որն էլ հենց պետք է զբաղվի նշված խնդրի լուծմամբ: Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետ Յան Կրեմերն այս օրերին Հայաստանում է` մաքսային համակարգի մասնագետներին փոխանցելու իրենց փորձը, թե ինչպես է պետք առավել սահուն իրականացնել մաքսային ընթացակարգերը: Աշխարհում ոչ մի երկրում էլ ոչ ոք չի սիրում հարկեր վճարել, սակայն պետք է, որպեսզի պետական մեխանիզմները ճիշտ գործեն: Անհրաժեշտ է նաեւ, որպեսզի մաքսային մարմիններն էլ իրենց գործը բարեխիղճ ձեւով կատարեն` ոչ աչք փակելով օրենքով սահմանվածից քիչ հավաքեն, ոչ էլ այնքան շատ, որ տնտեսվարողի «ուսերը չկարողանան պահել այդ բեռը»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |