18:08 Սերժ Սարգսյան. Երկրին բարձր վարձատրվող ավելի շատ աշխատատեղեր են անհրաժեշտ | |
Հայաստանին, առաջին հերթին, բարձր վարձատրվող հնարավորինս ավելի շատ աշխատատեղեր են անհրաժեշտ: Այդ մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտնել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը: «Ես վերստին համոզվեցի, որ դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհը մենք կարող ենք անցնել միայն համատեղ աշխատանքով: Դրա համար մեզ հարկավոր է յուրաքանչյուրի համար արժանապատիվ կյանք ապահովել: Բարեգործությամբ դրան չես հասնի: Իսկ մեր ժողովուրդը ծույլ չէ, որպեսզի հույսը բարեգործության վրա դնի: Չեմ ասում, թե դա բնավ պետք չէ: Բայց ավելի լավ է այն, որ յուրաքանչյուրը սեփական աշխատանքով կարողանա իր համար բարեկեցություն ստեղծել: Առաջին հերթին դրա համար անհրաժեշտ է հնարավորինս ավելի շատ բարձր վարձատրվող աշխատատեղեր ստեղծել: Յուրաքանչյուրն իր ընտանիքի համար անհրաժեշտ միջոցներ վաստակելու հնարավորություն պետք է ունենա: Անցյալ տարի մենք գրանցել էինք շուրջ 7% տնտեսական աճ: Տնտեսական աճը եւ աշխուժությունը շատ կարեւոր ցուցանիշներ են, սակայն երբ տնտեսական ակտիվությունը բյուջետային միջոցների չի վերաճում, այն մնում է թղթի վրա: Այդ հարցը լուծելու համար մենք պետք է վերանայենք հին ձեռնարկությունների վերականգնման հարցը, նրանց, որոնք կարող են մրցունակ լինել: Միաժամանակ, մենք պետք է նոր արտադրությունների ստեղծման մասին մտածենք: Այնտեղ, որտեղ հնարավոր է, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այն ապրանքները, որոնք հնարավոր է արտադրել մեր երկրում, այլ ոչ թե ներմուծել, արտադրվեն այստեղ: Մեր արտադրանքի համար մենք փորձում ենք շուկաներ գտնել, քանի որ մեր ներքին սպառումն այնքան էլ մեծ չէ, եւ մեծ ծավալներով աշխատանքի համար ձեռնարկությունները պետք է կարողանան արտահանել իրենց արտադրանքը: Մենք բիզնեսի համար դրական պայմաններ ստեղծելու ջանքեր ենք գործադրում: Վերջին երկու տարիներին միջազգային կազմակերպությունների գնահատականները մեր մամուլը մանրամասն լուսաբանել է: Մենք շատ բանի ենք հասել, սակայն պետք է ավելի առաջ շարժվենք: Ապահով Հայաստանի կարող ենք հասնել միայն ջանասիրաբար աշխատելով», – նշել է Սերժ Սարգսյանը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |