14:27 Սպառողական նվազագույն զամբյուղի ապրանքակազմը հեռու է բավարար լինելուց | |
Ինչպես հայտնի է, մեր երկրում սպառողական նվազագույն զամբյուղի արժեքի հաշվարկի հիմքում 12 ապրանքախմբեր են: Նշենք, որ ԱՄՆ-ում սպառողական զամբյուղում հաշվարկված են ավելի քան 300 ապրանք եւ ծառայություն, Անգլիայում` 350, Գերմանիայում` 475: Սկզբունքորեն, սակայն, տարբերություն չկա, թե ինչպես հաշարվել «զամբյուղը», եթե պարենային ապարանքակազմը լիարժեք սնունդ է ապահովում... Սակայն մեր նվազագույն զամբյուղի պարենային ապրանքակազմը հեռու է այդպիսին լինելուց: Համեմատելով Ռուսաստանում հաստատված նվազագույն զամբյուղի բաղադրիչների հետ` նշենք, որ մեր սպառողական զամբյուղում, օրինակ, հավկիթը մեկ շնչի հաշվով տարեկան կազմում է 110 հատ, Ռուսաստանում` 200 հատ: Մեզ մոտ շաքարի ցուցանիշը կազմում է տարեկան 8,9 կգ, Ռուսաստանի դեպքում` 21,2 կգ: Ի զարմանս բոլորի` իր մրգերով հայտնի Հայաստանը, այդ նորմայով եւս զիջում է իր հյուսիսային հարեւանին: Ռուսաստանում տարեկան շնչի համար նախատեսված է 45,0 կգ, մեզ մոտ` 41,6 կգ: Նույնքան է նաեւ բանջարեղենի չափաբաժինը: Սակայն մենք էլ «հպարտանալու» տեղ ունենք: Հացամթերքի մասով մեր երկրում նորման մի փոքր բարձր է ռուսական նորմայից` 168,3 կգ` նրանց 126,5 կգ-ի դիմաց: Հիշեցնենք, որ կալիորիականությամբ հացամթերքը գերազանցում է ավելի թանկարժեք մսին եւ ձկանը, ինչի շնորհիվ էլ ապահովվում է օրական նվազագույն 2232 կիլոկալորիան: Բացի նշվածից, կան նաեւ այլ թերություններ: Այս տարվանից Ռուսաստանում «զամբյուղը» հաշվարկվում է պարզեցված մեթոդով. նրա մի մասը կազմում է պարենամթերքը, մյուս մասը` ոչ պարենային ապրանքներն ու ծառայությունները: Մեր «զամբյուղի» պարագայում պարենամթերքի բաժինը 56,5% է, ինչն ավելի վատ է, քան ռուսական ցուցանիշը: Սակայն մեր «զամբյուղի» ամենամեծ թերությունն այն է, որ այն օրենքի ուժ չունի, եւ այն ընտանիքներին, որոնց շնչին ընկնող միջին եկամուտն ավելի ցածր է, քան «զամբյուղը», փոխահատուցում չի տրվում: Ընթացիկ տարեսկզբի տվյալներով` մեզ մոտ «Փարոս» ծրագրով աղքատության նպաստ ստանում է գրեթե 101 հազ. ընտանիք կամ 0,4 մլն մարդ: Արդյունքում, թեեւ մեր երկրում «աղքատ» է համարվում 1,2 մլն մարդ, նրանցից 0,8 միլիոնը ոչ մի օգնություն չի ստանում պետությունից: Ալբերտ Խաչատրյան | |
|
Մեկնաբանություններ: 0 | |