15:40 «Թամարա» ընկերությունը հերքում է կառավարությանը | |
«Թամարա» ընկերությունը պաշտոնապես հերքել է այն փաստը, որ իր կողմից արտադրվող կաթի եւ կաթնամթերքի արտադրության գործընթացի որեւէ փուլում կիրառվել է սոդա: Ընկերությունը պատասխանել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանին, ով ասել էր, թե մի շարք ընկերություններ սոդա են խառնում կաթի հետ: «Համաձայն կաթի գնման գործող ստանդարտների` ընկերությունն ինքն է պայքարում գյուղացիներից եւ ֆերմերային տնտեսություններից մթերվող կաթում սոդայի առկայությունը հայտնաբերելու համար: Ինչպես հայտնի է, պրակտիկայում լինում են դեպքեր, երբ սոդան (կերակրի սոդա) ավելացվում է մթերվող թթված կաթին` թթվությունը 1-2 ժամով իջեցնելու նպատակով: Վերջինս համարվում է խարդախված կաթ, որը ենթակա չէ ընդունման: Ինչ վերաբերվում է պաստերացված խմելու կաթին, ապա դրա արտադրության մեջ որեւէ ցիկլում սոդայի կիրառման իմաստը տեխնոլոգիապես անհասկանալի է եւ անիմաստ , քանի որ նա չի հանդիսանում որպես կոնսերվանտ եւ չի կարող երկարացնել կաթի պահպանման ժամկետը: Ընկերությունը խմելու կաթի արտադրության համար մթերված կաթից ընտրում է բարձր որակի կաթ եւ այն ենթարկելով մեխանիկական եւ ջերմային մշակման` համապատասխանեցնում է գործող խմելու կաթ ստանդարտին: Պաստերացված խմելու կաթի պահպանման ժամկետը հիմնականում կախված է տեխնոլոգիական հրահանգներով կատարվող վերամշակումից, որով առաջնորդվում եւ խստիվ հետեւում է ընկերությունը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով, հրապարակեց կաթնամթերք արտադրող ընկերություններում ստուգումների արդյունքները: Ա. Բախչագուլյանի տեղեկացմամբ՝ իրականացվել է հում կաթի եւ պաստերիզացված կաթի նմուշառում, որոնք փորձաքննվել են մրցույթում հաղթած լաբորատոր կազմակերպությունում: Ստուգվել են 3 չափանիշներ. սոդայով կեղծվածություն, բուսական յուղի անօրինական օգտագործում, կաթի փոշու օգտագործում: Նրա խոսքով, սոդայով կեղծվածություն հայտնաբերվել է հետեւյալ ընկերություններում. «Անի-Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Աշտարակ կաթ», «Մուլտի Ագրո», «Արզնի կաթ», «Թամարա»: Ընդ որում՝ սոդայով կեղծվածություն չի հայտնաբերվել հում կաթում, միայն պաստերիզացված կաթում: Սոդան իջեցնում է կաթի թթվայնությունը, ընկերություններն այն ամռան շոգերին օգտագործում են կաթը շուտ թթվելուց ապահովագրելու համար: Տեխնիկական կանոնակարգերն արգելում են կաթում սոդա խառնել: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |