
14:29 ՏՄՊՊՀ-ը կիրականացնի համատեղ ուսումնասիրություններ՝ վառելիքի, ավիացիայի եւ դեղորայքի շուկաներում | |
![]() Օրինախախտ տնտեսվարողների գործունեության վերահսկողության վերաբերյալ նման պայմանավորվածություն է այսօր՝ նոյեմբերի 9-ին ձեռք բերվել ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում, որին ներկա է նաեւ խորհրդի անդամ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: ԱՊՀ անդամ մի քանի երկրներում մասնաճյուղային ցանցի միջոցով գործունեություն իրականացնող ընկերությունները բազմաթիվ են: Նման վերահսկողությունը թույլ կտա կազմել ռիսկային ընկերությունների ցուցակ, եւ մի երկրում օրինախախտ հանդիսացած տնտեսվարողի գործունեությունը խստորեն կվերահսկվի նաեւ այն պետությունների տարածքում, որտեղ վերջինը գործունեություն է իրականացնում: ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նիստում հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով տարվա ընթացքում Հանձնաժողովի կատարած աշխատանքներն ու հիմնական ուղղությունները: ՌԴ Հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւը նիստի ընթացքում հատուկ ընդգծել է, որ Հայաստանի մրցակցային մարմնի ցուցանիշներն ու ձեռքբերումները բավականին տպավորիչ են եւ ուսանելի: Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեի նախագահ Վասիլի Ցուշկոն էլ հետաքրքրվել է հատկապես պետական գնումների ոլորտում Հայաստանի մրցակցային մարմնի ուսումնասիրություններով եւ նշել է, որ Հայաստանի հաջողված փորձը հիմք կհանդիսանա նման լայնածավալ ուսումնասիրություն սկսելու նաեւ իրենց երկրում: ՌԴ մրցակցային մարմնի ղեկավարի առաջարկով որոշվել է ԱՊՀ անդամ երկրների մակարդակով համատեղ ուսումնասիրություն իրականացնել երեք կարեւոր ոլորտներում, որտեղ ձեւավորվող գնային քաղաքականությունն ու տնտեսվարողների վարքագիծը խնդրահարույց են համարել նիստին ներկա գրեթե բոլոր երկրների մրցակցային մարմինների ղեկավարները: Խոսքը վերաբերում է վառելիքի, դեղորայքի եւ ավիացիայի ոլորտներին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |