19:03 Տնտեսական ակտիվության տեմպը հոկտեմբերին շարունակել է նվազել | |
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012 թ. հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,2%-ով, տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Նշենք, որ վերջին 2 ամիսներին տնտեսական ակտիվության տեմպը թեեւ կայուն բարձր է 7%-ից, սակայն զիջում է հունվար-օգոստոսի ռեկորդային 8,3% ցուցանիշին: Հոկտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է տնտեսական ակտիվության 16,5 % անկում, սակայն նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ առկա է 4,9% աճ: Ամսական կտրվածքով հոկտեմբերի նման մեծ ակումը պայմանավորված է գյուղատնտեսական սեզոնի ավարտով՝ գյուղատնտեսության անկումը մոտ 33% է: Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արդյունաբերության աճը կազմել է 2,5%, սակայն 10 ամսվա կտրվածքով առկա է աճի տեմպի դանդաղում՝ մինչեւ 10 % (9 ամսվա կտրվածքով 11,6 % էր, իսկ 8 ամսվա կտրվածքով՝ 13,2%): Տնտեսական ակտիվության աճին ամենաշատը, թերեւս, նպաստել է ծառայությունների ոլորտը (առանց առեւտրի), որտեղ 10 ամսվա կտրվածքով աճը 11 % է, թեեւ հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է 0,4% անկում: Հունվար-հոկտեմբերին գյուղատնտեսության աճը 8,2% է: Հաշվի առնելով, որ հոկտեմբերը գյուղատնտեսության վերջին ամիսն է, այս ցուցանիշը կարելի է համարել գյուղատնտեսության ամփոփը ողջ տարվա համար: Սեպտեմբերյան գերակտիվ շրջանից հետո (երբ շինարարությունում գրանցվեց 43% աճ), հոկտեմբերին առկա է որոշ ետընթաց՝ նախորդ ամսվա նկատմամբ 9,9%-ով: Սակայն շինարարությունում անկման տեմպը 10 ամսվա կտրվածքով զգալիորեն նվազել է՝ իջնելով մինչեւ 1,2%, ինչը լավագույն ցուցանիշն է վերջին 3 տարում: Առեւտրի շրջանառությունը 10 ամսվա կտրվածքով կազմել է 1,6 տրլն դրամ, աճը 3,2% է; Արձանագրվել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության 9,8% աճ (6,5 մլրդ կՎտ/ժամ): Միջին աշխատավարձը հոկտեմբերին կազմել է 118.1 հազ. դրամ՝ նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը գերազանցելով 4,4%-ով: Սեպտեմբերի համեմատ միջին աշխատավարձի էական փոփոխություն չկա։ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |