07:24 Տրանսֆերտներն ու բանկերի ահավոր «առեւտրային գաղտնիքը» | |
Տրանսֆերտների հոսքի մասին Կենտրոնական բանկի կողմից մանրամասն տեղեկատվություն է ներկայացվում, իսկ ահա արտահոսքի մասին տվյալները գտնվում են յոթ կողպեքի տակ: Ոչ առեւտրային բնույթի տրանսֆերտների «ներհոսք-արտահոսքի» ընդհանուր սալդոն ավանդաբար դրական է, եւ միշտ տպավորիչ թիվ է կազմել, անպես որ անհանգստության պատճառ չկա: Սակայն արտահոսքը նույնպես փոքր չէ: Ընթացիկ տարվա հունվար- ապրիլին երկրի առեւտրային բանկերի միջոցով ֆիզիակական անձինք արտերկիր են փոխանցել գրեթե 83,9 մլն դոլար: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «արտահոսքի» բացարձակ աճը կազմում է ավելի քան 15,4 մլն դոլար կամ 18,4%-ով ավելի: Նշված ժամանակահատվածում տրանսֆերտների «ներհոսքի» բացարձակ աճը կազմել էր 48,9 մլն դոլար, իսկ աճի տեմպը` 12,6%: Տրանսֆերտների արտահոսքի եւ ներհոսքի հարաբերակցության աճի տեմպի տարբերությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 1,1տոկոսով` հասնելով 22,7%-ի: Այսինքն, հանրապետություն մտնող տրանսֆերտների գրեթե մեկ հինգերորդը նորից դուրս է գնում արտերկիրր: Օրինակ, ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանից «ֆիզիկական անձանց» միջոցով ԱՄՆ է փոխանցվել գրեթե 10,4 մլն դոլար: Կան երկրներ, որոնց հետ սալդոն անգամ բացասական է: Նշված ժամանակահատվածում, օրինակ, տրանսֆերտների արտահոսքը գերազանցել է ներհոսքը Չինաստանի (2,6 մլն դոլար) եւ Թուրքիայի (0,6 մլն) դեպքում: Անցած տարի այս խմբում էր նաեւ ԱՄԷ-ն` 0,3 մլն դոլար ցուցանիշով: «Արտասահմանցիների» հետ կապված իրավիճակի պարզաբանման համար դիմեցինք Կնետրոնական բանկին, որտեղից ասացին, որ նման տեղեկատվությունն ստանում են առեւտրային բանկերից` այն իմաստով, թե դիմեք առեւտրային բանկերին: Իսկ նման բանկերից մեկից էլ պատասխանեցին, որ դա «առեւտրային գաղտնիք» է եւ հրապարակման ենթակա չէ: Մեկ այլ բանկում խոստացան պատասխանել, սակայն այդպես էլ չպատասխանեցին: Այնպես որ պարզ հարցը մնաց օդում կախված: Զարմացնում է անհեթեթ իրավիճակը: Չէ որ, եթե մեր քաղաքացիներն ուրիշ երկրներից տրանսֆերտներ են փոխանցում դրամական փոխանցման տարբեր համակարգերով, ապա նույնպիսի հնարավորություն ունեն Հայաստանում գտնվող օտարերկրացիները: Ինչու են բանկերի աշխատակիցները խուսափում պատասխանից: Ցանկության դեպքում էլ ամեն ինչ կարելի է վերագրել առեւտրային գաղտնիքի, քանի որ ընկերություններն իրենք են որոշում, որ հարցերն են հատկապես համարվում «գաղտնի»: Ալբերտ Խաչատրյան | |
|
Մեկնաբանություններ: 0 | |