
17:29 Վերահսկիչ պալատն ընդդեմ կառավարության. առճակատո՞ւմ, թե՞ հարաբերությունների ճշտում | |
![]() Բովանդակային առումով ՎՊ հաշվետվություններն այս տարիների ընթացքում չեն փոխվել՝ նույնատիպ խախտումներ, ինչ որ հիմա են, կարող եք գտնել նաեւ 2008 թ. կամ 2009 թ. հաշվետվության մեջ: Վերջին շրջանում պարզապես ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը մի շարք ասուլիսներով ու աղմկահարույց արտահայտություններով հանրության եւ քաղաքական շրջանակների ուշադրությունը բեւեռեց ՎՊ հաշվետվությունների վրա, ու այս ամենը սրվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի ենթադրյալ հակասությունների ֆոնի վրա: Մի խոսքով՝ ՎՊ գործունեությունը անսպասելի քաղաքականացվեց, ու մինչ այսօր էլ դիտարկվում է այդ համատեքստում: Իրականում՝ ցանկացած ստուգող կազմակերպություն էլ ունի հերոսանալու ռեսուրս՝ դրա համար շատ բան անհրաժեշտ չէ: Եւ ֆինանսների նախարարությունը, եւ նախագահի աշխատակազմը, եւ կառավարության աշխատակազմն ունեն ստուգող ստորաբաժանումներ, ու դրանց բացահայտումները պակաս նշանակալից չեն, դրանց հիման վրա բազմաթիվ քրեական գործեր են հարուցված: Հիշենք թեկուզ Վազգեն Խաչիկյանին ու մահացած կենսաթոշակառուներին: Սակայն որեւէ մեկը գիտի արդյո՞ք, թե ով է կանգնած այդ ստուգումների ետեւում: Իսկ դա ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչության բացահայտումն է, որի պետը ցանկության դեպքում կարող էր ավելի հայտնի դառնալ, քան ՎՊ նախագահը: Սակայն բոնապարտիզմի սինդրոմը պետական մարմնի ղեկավարի լավագույն ուղեկիցը չէ: Ցանկացած ստուգող մարմին պետք է լինի ապաքաղաքական ու ապակուսակցական, այլապես չի կարող օբյեկտիվ լինել: ՎՊ գործունեության քաղաքականացման բոլոր փորձերը տանում են դեպի այդ ինստիտուտի արժեզրկում, ինչը չի կարելի թույլ տալ: Այդպիսի պալատներ աշխարհի համարյա բոլոր երկրներում էլ ստեղծվում են, թեեւ որոշ տեղերում դրանք իրականացնում են աուդիտորական գործունեություն: Օրինակ՝ ԱՄՆ Հաշվիչ պալատը (The Government Accountability Office) հանդիսանում է ԱՄՆ Կոնգրեսի աուդիտորական, գնահատող եւ վերլուծական-հետաքննական մարմինը: Այսինքն՝ վերահսկիչ (հաշվիչ) պալատների դերը միայն տեսչական ստուգումները չեն, առավել կարեւորվում են արդյունավետության գնահատումները, տնտեսումների հնարավորությունները պարզելը, անարդյունավետ ծախսած գումարները ետ բերելը: Այս առումով Հայաստանի ՎՊ հաշվետվություններում իսկապես նկատվում է առաջընթաց՝ առկա է վերլուծություն, մեծ տեղ է հատկացվում ծախսի արդյունավետության գնահատմանը: Մեծամասամբ դրանք ընդունելի դիտողություններ են, ինչը նշում են նաեւ նախարարությունների ներկայացուցիչները: ՎՊ դիտողությունների մի մասի հետ նախարարությունները համաձայն չեն, ինչը եւս բնական է: Անբնական է միայն այն, որ այդ անհամաձայնությունների շուրջ քննարկումները նույնպես ջղաձիգ մթնոլորտում են անցնում: Նշենք, որ կառավարությունը պարտավոր չէ ընդունել ՎՊ եզրակացությունները եւ ենթարկվել դրանց, եթե դրանք բավարար իրավաբանական հիմնավորումներ չունեն: Այդ մասին նշված է Լիմայի հռչակագրում, որը վերաբերում է վերահսկողության սկզբունքներին, ու որով առաջնորդվում է ՀՀ Վերահսկիչ պալատը: Այսպիսով, եթե ընդհանրացնելու լինենք, ՎՊ գործունեությունը կարեւորագույն նշանակություն ունի պետական կառավարման համակարգում, պայմանով, որ այդ գործունեությունը քաղաքական ենթատեսքտեր ձեռք չի բերում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |