17:05 Վրաստանը ՆԱՏՕ-ին առաջարկել է Աֆղանստանից բեռները փոխադրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով | |
Վրաստանը ՆԱՏՕ-ին առաջարկել է Աֆղանստանից բեռները փոխադրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, ով մասնակցել է ՆԱՏՕ-ի նախարարական խորհրդի աշխատանքներին: Փանջիկիձեն նշել է, որ նա եւս մեկ անգամ խոսել է Վրաստանի նախաձեռնության մասին եւ առաջարկել է Աֆղանստանից բեռնափոխադրումներն իրականացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով: «Երկաթուղային այդ հատվածի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է: Թուրքիայի ԱԳ նախարարն իր ելույթում նշել է, որ դա երեք երկրների նախագիծ է, որը կարող է հետաքրքրել ՆԱՏՕ-ին: Երբ 2014 թվականին Աֆղանստանից դուրս բերվեն զինվորական ստորաբաժանումները եւ ռազմական բեռները, սա կլինի ամենակարճ եւ մատչելի ուղին: Դրա համար առաջարկը դրականորեն է ընդունվել նաեւ այս հանդիպման ժամանակ»,- հայտարարել է Փանջիկիձեն, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը միջանցք է, որը կապում է Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան: Նախագիծը հստակ քաղաքական ուղղվածություն ունի: Ուղին ձեռնտու չէ Իրանի համար, սակայն շահավետ է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի համար, որոնք երկաթուղային միջանցք են ստեղծում Միջին Ասիայից դեպի Եվրոպա: Պաշտոնական Երեւանի համար տվյալ նախագիծը շահավետ չէ, քանի որ գոյություն ունի Կարս-Գյումրի երկաթուղին, որն այս պահին չի գործում, իսկ Բաքու-Թբիլիսի Կարսի գործարկումը քաղաքական ճնշում է Հայաստանի վրա` նրան տրանսպորտային մեկուսացման ենթարկելու նպատակով: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |