16:16 Վրաստանը խոստացել է ապահովել Վերին Լարսի անխափան աշխատանքը | |
Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը նոյեմբերի 7-ին հանդիպել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Նարմանիայի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Մանուկյանը շնորհավորել է զրուցակցին խորհրդարանական ընտրություններում նախարարի կողմից ներկայացվող քաղաքական ուժի հաղթանակի եւ կառավարության ձեւավորման կապակցությամբ` հույս հայտնելով, որ Վրաստանի նոր կառավարությունը շահագրգիռ կլինի Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացման գործում: Անդրադառնալով նախարարության նախկին ղեկավարության հետ ձեւավորված սերտ համագործակցության արդյունավետությանը, ինչպես օպերատիվ լուծում պահանջող հարցերում, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հեռանկարային ծրագրերի իրագործման ընթացքում` ՀՀ դեսպանը, մասնավորապես, ընդգծել է նման գործելաոճի շարունակականության պահպանման եւ առավել ընդլայնման կարեւորությունը: Նախարար Նարմանիան պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձեւավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան: Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, մասնավորապես` Հայաստանում նախատեսվող հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ Վրաստանի իշխանությունների կողմից որպես առաջնահերթ հռչակված Ախալցիխե-Բաթումի ավտոճանապարհի շինարարության հնարավորություններն ու ժամկետները: Դեսպան Մանուկյանն ընդգծել է ձմռանն ընդառաջ Վերին Լարսի հատվածում ճանապարհային անցողունակության հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացման կարեւորությունը, ինչը հնարավորություն կտա նվազեցնել այդ հատվածով երթեւեկող Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների հնարավոր բարդությունները` կապված եղանակային անկանխատեսելի զարգացումների հետ: Դավիթ Նարմանիան խոստացել է ապահովել բոլոր անհրաժեշտ գործողությունները նշված անցակետի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով: ՀՀ դեսպանն ու նախարարը պայմանավորվածություններ են ձեռք բերել ընթացիկ եւ հեռանկարային համագործակցության ապահովման համար անհրաժեշտ հաղորդակցության եղանակների վերաբերյալ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |