19:00 Բրյուսելում կկայանա Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը | |
Հոկտեմբերի 8-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը: Հայկական կողմից նիստի համանախագահներն են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, նիստի ժամանակ կողմերը կքննարկեն Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի (ԽՀԱԱԳ) գոտու ստեղծման շուրջ բանակցային գործընթացի հետ կապված հարցեր: Օրակարգում ներառված են նաեւ օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին, տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ԵՄ աջակցության ծրագրերին վերաբերող հարցեր եւ այլն: Նշենք, որ 1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Համայնքների եւ նրա անդամ պետությունների միջեւ կնքվել է Գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագիրը (ԳՀՀ), որն ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ից։ Համաձայնագրի 83-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է Համագործակցության կոմիտե, որի նիստերը գումարվում են տարին մեկ անգամ, ռոտացիոն կարգով` Երեւանում եւ Բրյուսելում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |