09:57 Ինչպես միլիարդատեր Կարապետյանը կրկնապատկեց բիզնեսը | |
Երկու տարում Սերգեյ Սոբյանինի թիմը Մոսկվայում 9 մլն քմ տարածքում անշարժ գույքի շինաշխատանքներ է դադարեցրել: Բացառությունը «Տաշիր» ընկերությունն է, որը պատկանում է Forbes-ի ռուսական ցուցակի 63-րդ տեղը (1,6 մլրդ դոլար) զբաղեցրած Սամվել Կարապետյանին: Վերջերս «Տաշիրը» գրեթե ամեն ամիս հայտնում է նոր օբյեկտների շինարարության մասին: «Ինչպե՞ս է դա հաջողվում հայկական փոքրիկ քաղաքի բնակչին», - հարցնում է Forbes ամսագիրը: Սեփական գնահատմամբ, «Տաշիր» ընկերությունն այսօր կառուցում է Մոսկվայի առեւտրային անշարժ գույքի օբյեկտների շուրջ 25%-ը: Սամվել Կարապետյանի ընկերությունը առեւտրի կենտրոնների թվով մրցակցում է միայն «Կիեւյան հրապարակի» հետ: Սամվել Կարապետյանն արդեն 10 տարի հարցազրույց չի տալիս, վերջինը 2003-ին «Բոսս»-ի հետ հարցազրույցն էր: Սակայն նրան քիչ հայտնի անվանել չի կարելի: Նրա ընկերությունում ավելի քան 40 հազար մարդ է աշխատում, «Տաշիրի» օբյեկտներ կան 20 շրջաններում, իսկ Կարապետյանի սահմանած «Տաշիր» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցում են Ստաս Միխայլովն ու այլ աստղեր: Կարապետյանը ծնվել է 1965թ. հայկական փոքր Կալինինո քաղաքում (այժմ՝ Տաշիր): Աշխատանքային ուղին սկսել է արծնապատ սպասքի տեղական գործարանում: Նրա ավագ եղբայր Կարեն Կարապետյանն այն ժամանակ աշխատել է կոմսոմոլի շրջկոմում, այնուհետեւ դարձել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը (այժմ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր): 1990-ականների սկզբին եղբայրներին հաջողվել է գործարանը վերցնել վերահսկողության տակ: Սամվել Կարապետյանն ընդլայնել է կապերը. Գործարանը ապրանքափոխանակման կարգով աշխատել է Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի հետ՝ մինչեւ Վլադիմիր Լիսինի գալը: Բիզնեսն սկսել է ընդլայնվել, տարածվել նաեւ Ռուսաստանի այլ շրջաններում, եւ շուտով Կարապետյանը դարձել է խոշոր առեւտրային ընկերության սեփականատեր: 1992թ. նա տեղափոխվել է Մոսկվա, հետո բնակություն է հաստատել Կալուգայում: Կալուգայում սկսել են բացվել «Տաշիր» փոքրիկ խանութներ եւ ռեստորաններ, սակայն Կարապետյանը հայտնի գործարար է դարձել 1997թ.-ից՝ գնելով «Կալուգագլավսնաբ» ընկերությունը: Այդ ժամանակից ի վեր Կարապետյանի կոնտրգործակալը «Գազպրոմն» է: «Կալուգագլավսնաբը» պահպանել է հին կապերը շրջանի արդյունաբերական ձեռնարկությունների հետ, սակայն ընկերության հիմնական կոնտրգործակալներն էին «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունները: Այսօր «Տաշիրի» շրջանառությունը կազմում է 2,6 միլիարդ դոլար: Ինչպե՞ս գազային հանքերից այդքան հեռու Կալուգան օգնեց Կարապետյանին բիզնես սկսել «Գազպրոմի» հետ: 1992–1995թթ. «Գազպրոմը» Կալուգային կից Մալոյարոսլավեցում կառուցեց մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ: 2000թ.-ից Կարապետյանին է պատկանում Մալոյարոսլավեցի կարի ֆաբրիկան: 2001թ. օգոստոսին Մոսկվայի եւ համայն Ռուսիո Ալեքսեյ II պատրիարքն օծել է Մալոյարոսլավեցի մոտ գտնվող Նեդելնոյե գյուղի եկեղեցին: Պատրիարքից պարգեւներ էին ստացել «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, նրա տեղակալ Նիկոլայ Գուսլիստին եւ Սամվել Կարապետյանը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |