18:55 Հացամթերքը կրկին թանկացել է | |
Մի քանի օր է` հանրապետությունում հացն ու հացամթերքը կրկին թանկացել են: Հացի տարբեր տեսակները թանկացել են 10-20 դրամով: Այն խանութներում, որտեղ հացի թանկացում չկա, առավել հավանական է, որ նվազեցվել է քաշը: Հացի հետ միաժամանակ թանկացել է նաեւ մակարոնեղենը: Թանկացման հիմնական պատճառը ալյուրի գնի աճն է, որն էլ իր հերթին պայմանավորված է ռուսական նավահանգիստներում ցորենի աննախադեպ բարձր գներով: Բարձր կարգի ալյուրի մեծածախ գինը «Սուրմալու» տոնավաճառում այսօր կազմում էր 276 դրամ` 1 կգ-ի համար, իսկ սուպեր տեսակինը` 316 դրամ: Արդյունքում` բարձր կարգի ալյուրը մանրածախ առեւտրի կետերում վաճառվում է 300 դրամով` վերջին տասնօրյակում թանկանալով 20 դրամ, իսկ սուպեր տեսակի ալյուրը` 350-370 դրամով (թանկացումը 10-20 դրամ): Հայկական արտադրության մակարոնեղենը սեպտեմբերի վերջի համեմատ թանկացել է միջինը 5-6 %-ով` 1 կգ-ի մեծածախ գինը կազմում, է 380 դրամ, 10 օր առաջվա 360 դրամի համեմատ: Միջազգային շուկայում ցորենի գինը դրսեւորում է տատանողական վարքագիծ: Չիկագոյի բորսայում փափուկ ցորենի տոննան գնանշվում է 330-350 դոլարի սահմաններում: Ռուսական Նովոռոոսիսյսկ նավահանգստում երրորդ եւ չորրորդ կարգի 1 տոննա ցորենի գինը հասել է իր պատմական ռեկորդային մակարդակին` 11-11.5 հազ. ռուբլի տոննայի համար (մոտ 340 դոլար): | |
|
Մեկնաբանություններ: 0 | |