![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
20:59 Համաշխարհային բանկը բարձր է գնահատում ԴԱՀԿ-ում էլեկտրոնային կառավարման համակարգի բարեփոխումները | |
![]() ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պետական հատվածի կառավարման մասնագետ, «Դատաիրավական բարեփոխումներ» երկրորդ ծրագրի խմբի ղեկավար Դավիթ Մելիքյանին, ծրագրի խորհրդական Կլաուս Դեկերին եւ «Դատաիրավական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Արթուր Թունյանին: ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գոհունակություն է հայտնել ծրագրի շրջանակում իրականացված համատեղ աշխատանքի համար եւ նշել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ ԴԱՀԿ ծառայությունում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման արդյունքում՝ կատարողական վարույթների աննախադեպ աճ է գրանցվել, եւ առանց հաստիքների ավելացման, կարողանում ենք առավել արդյունավետ կերպով դիմակայել բոլոր մարտահրավերներին»,- նշել է Միհրան Պողոսյանը: Զրուցակիցները բարձր են գնահատել Համաշխարհային բանկի եւ ԴԱՀԿ ապահովող ծառայության միջեւ համագործակցության ընթացքը եւ արդյունքները: Այդ համատեքստում Կլաուս Դեկերը կարեւորել է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունում իրականացված բարեփոխումները եւ ձեռք բերած տպավորիչ արդյունքները: Դավիթ Մելիքյանը, ով ծանոթ է Հայաստանի Հանրապետությունում ներկայում իրականացվող էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման գործընթացներին, ընդգծել է, որ ԴԱՀԿ ապահովող ծառայությունն այդ գործընթացում բացառիկ լավ արդյունք ունի` միաժամանակ կարեւորելով էլեկտրոնային կառավարման գործընթացներում ծառայության անձնակազմի պարբերական վերապատրաստումն ու ատեստավորումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Ծառայությունում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին, որոնք գտնվում են ԴԱՀԿ ապահովող ծառայության ղեկավարի ուշադրության կենտրոնում: Միհրան Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ի կողմից ծառայությանը ցուցաբերած օժանդակության համար եւ հույս հայտնել, որ փոխգործակցությունը շարունակական կլինի: ՀԲ-ի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` ապագայում նույնպես շարունակել ԴԱՀԿ ծառայության հետ համագործակցությունը: Նշենք, որ «էլեկտրոնային վարույթ» համակարգի հիմնական նպատակն է ՔԱՍՏ եւ «Դատալեքս» տվյալների բազաների համակարգերի միջեւ կապի ստեղծումը եւ համատեղելիության ապահովումը: Դա հնարավորություն կտա համակարգի վերջնական օգտատերերին վերստանալ դատական վարույթների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունն իրական ժամանակի ռեժիմում՝ այսպիսով բարձրացնելով ծառայության գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |