22:25 ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն պայքարում է ստվերի դեմ | |
ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է ապօրինի գործունեության մի քանի դեպք՝ ստվերի դեմ պայքարին ուղղված միջոցառումների արդյունքում: Այսպես, ՊԵԿ հետաքննիչների և օպերատիվ հետախույզների համատեղ ջանքերով բացահայտվել է, որ քաղաքացի Էմին Ղոչիկյանն իրեն պատկանող շինություններն ապօրինաբար օգտագործել է իբրև հանրակացարան: Ամիսներ շարունակ նա վարձակալության է տվել Երևանի Դավիթ Մալյան փողոցում գտնվող 2 շինությունների 25 ննջասենյակները` չվճարելով հարկեր: Հայտնաբերվել է նաև, որ հարկման դաշտից դուրս է գործել «Էրզրում-97» ՍՊԸ-ն` Արշակունյաց փողոցում զբաղվելով ավտոպահեստամասերի մանրածախ վաճառքով և ավտոտեխսպասարկմամբ` ամբողջովին չներկայացնելով հարկվող շրջանառությունը: Ավելին, ընկերության տնօրենը գրեթե մեկ տարի Կոտայքի մարզի Առինջ գյուղում գործող «Գալակտիկա» ռեստորանահյուրանոցային համալիրում ապօրինաբար զբաղվել է նաև հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության գործունեությամբ, որի վերաբերյալ ոչ մի հաշվետվություն չի ներկայացրել հարկային տեսչություն: Առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման հանրային ծառայություն է մատուցել նաև քաղաքացի Կարեն Ղարիբյանը: Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի հարևանությամբ գտնվող տարածքում Ղարիբյանն իրականացրել է հանգստի գոտու, հանրային սննդի կազմակերպում, մատուցել նաև այլ ծառայություններ: Սնանկ ճանաչվելը չի խանգարել «Յուրշին» ընկերությանը շարունակել ընդերքի օգտագործումը Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում, բայց արդեն անօրինական ճանապարհով: 3 ամիս առաջ դատարանի կայացրած վճիռն անտեսելով` ՍՊԸ-ն շարունակել է ընդերքից սև տուֆ հանելու, մշակելու և իրացնելու գործունեությունը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |