16:34 «Ժամանակ». «Հազարամյակի մարտահրավերը» վերսկսո՞ւմ է Հայաստանի ֆինանսավորումը | |
Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան հաջորդ տարի կվերսկսի Հայաստանին ֆինանսավորելը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։ «Հիշեցնենք, որ 2006 թվականին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան (ՀՄԿ) ծրագրել էր Հայաստանին հատկացնել մոտ 235 միլիոն դոլարի գումար` նախատեսված ոռոգման համակարգերի եւ գյուղական ճանապարհների շինարարության համար: 2009-ին, սակայն, կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց դադարեցնել մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը` դա պայմանավորելով մի շարք քաղաքական ցուցանիշների գծով Հայաստանի կատարողականի վատթարացմամբ: Պարզ ասած՝ այդ ֆինանսավորումը դադարեցվեց՝ պայմանավորված 2008 թ. նախագահական ընտրություններից հետո մարտի 1-2-ի իրադարձություններով, դրան հետեւած գործընթացներով, բազմաթիվ քաղբանտարկյալների առկայությամբ եւ այլն: Իսկ այժմ գոյություն ունեցող ներքաղաքական պայմանները, հավանաբար, ԱՄՆ-ին կամ ՀՄԿ-ին այդ ֆինանսավորումը վերսկսելու նախադրյալներ են տվել: Այս տարի իշխանություններին հաջողվեց հնարավորինս անաղմուկ անցկացնել մայիսյան խորհրդարանական ընտրությունները: Ընդ որում, մեր տեղեկություններով՝ ՀՄԿ-ն որոշել է ոչ թե կիսատ մնացած ֆինանսավորումը շարունակել, այլ այն ավելացնել: Ավելին, տեղեկություններ կան նաեւ, որ եթե ՀՀ իշխանությունները կարողանան դիմակայել ՌԴ-ին ու չմիանան Եվրասիական միությանը, ԱՄՆ-ը Հայաստանին տարբեր ծրագրերով, այդ թվում՝ եւ ՀՄԿ-ով, անհատույց 2 մլրդ դոլար կհատկացնի»,- գրում է «Ժամանակը»։ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |