13:20 Օգոստոսի 1-ից ԱՊՊԱ-ն անցնում է էլեկտրոնային գործավարության | |
Օգոստոսի 1-ից ԱՊՊԱ պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ ԱՊՊԱ վկայագրերը ապահովադիրներին տրամադրվում են բացառապես տպագիր ձևով, «Փաստինֆո» լրատվական գործակալությանը տեղեկացրին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի լրատվական բաժնից: Նոր համակարգը թույլ կտա հնարավորինս բացառել պայմանագրում նշվող տեղեկությունների մուտքագրման ընթացքում հնարավոր անճշտությունները, ինչը կարևոր է պայմանագրի գործողության ընթացքում հետագա հնարավոր հատուցումների անխոչընդոտ իրականացման համար: Վկայագրի տպագիր ձևի շնորհիվ սպառողը հնարավորություն կունենա հեշտությամբ ծանոթանալ ԱՊՊԱ պայմանագրի հիմնական պայմաններին՝ այն ստորագրելուց առաջ: Պայմանագրերի կնքման էլեկտրոնային եղանակը թույլ կտա նաև ապահովել ԱՊՊԱ համակարգի տվյալների առավելագույն ճշգրտությունն ու ամբողջականությունը, ինչը ապահովադիրների շահերի պաշտպանության համակարգի կարևոր տարր է: Տվյալների էլեկտրոնային շրջանառության իրականացումը հնարավորություն կտա ՀՀ կենտրոնական բանկին և Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը դարձնել առավել արդյունավետ: Գործող ԱՊՊԱ տեղեկատվական համակարգը սերտորեն կապված է ՀՀ ճանապարհային ոստիկանության տեղեկատվական-փնտրողական միասնական համակարգին, հետևաբար այս համակարգերի առցանց համագործակցությունը հնարավորինս կբացառի նաև ԱՊՊԱ ոլորտում հնարավոր կեղծիքները: Նշենք, որ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է ավտոսեփականատերերին առավել հետևողական լինել իրենց շահերի պաշտպանությանը և ԱՊՊԱ կտրոնի հետ միասին պարտադիր պահանջել տպագիր եղանակով կազմված ԱՊՊԱ վկայագիրը, ծանոթանալ դրա բովանդակությանը և հավաստիանալ, որ այն պատշաճ ստորագրված (կնքված) է ապահովագրական ընկերության անունից: Առանց օրենքի պահանջները բավարարող ԱՊՊԱ վկայագիր ունենալու ԱՊՊԱ կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը չի հանգեցնում ապահովագրման պարտադիր պահանջի կատարման և կարող է բերել օրենքով սահմանված պատասխանատվության: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |