Հայաստանի փաստաբանական ոլորտում դեռեւս զգալի է հարկային ստվերը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով իր ղեկավարած ոլորտի հարկային պարտավորությունների կատարման հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվության մեջ նշված է, որ անհրաժեշտ է իրականացնել հետազոտություններ՝ մոտավորապես գնահատելու հատվածի ստվերայնությունը: Սակայն արդարադատության նախարարությունն առաջարկում է հաշվի առնել նաեւ հնարավոր քաղաքական շահարկումները, եթե ոլորտը ենթարկվի հարկային վարչարարական ճնշման: Այս համատեքստում առաջարկվում է որոշակիորեն վերանայել փաստաբանների հարկային ռեժիմը, փաստաբանական գործունեությունն ազատել ավելացված արժեքի հարկից:
ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն էլ հավելեց, որ փաստաբանները որպես կանոն չեն գրանցվում որպես անհատ ձեռնարկատեր, կազմակերպությունների միջոցով են աշխատում, հետեւաբար՝ նրանց հարկային պարտավորությունները դժվար է ճշգրտել: