![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
00:54 Փոխվարչապետն այցելեց Արարատի եվ Վայոց ձորի մարզեր | |
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արարատի եւ Վայոց ձորի մարզեր` առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ հրատապ ծրագրով իրականացվող շինաշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Արարատի մարզին երրորդ հրատապ ծրագրով հատկացվել է 1 մլրդ 305 մլն դրամ, որով մարզում իրականացվում է 60 ծրագիր: Արդեն ավարտված է ընդհանուր աշխատանքների 50 տոկոսը: Փոխվարչապետն Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ այցելեց Ոսկետափ համայնք, որտեղ երրորդ հրատապ ծրագրով հատկացված 10 մլն դրամով վերանորոգվում է համայնքի բազմաբնակարան շենքի տանիքը:Աշխատանքների ավարտը նախատեսված է օգոստոսի վերջին: Ավշար համայնքում Ա. Գեւորգյանը ծանոթացավ համայնքային մանկապարտեզում իրականացվող շինմոնտաժային աշխատանքների ընթացքին, որի համար երրորդ հրատապ ծրագրով հատկացվել է 25 մլն դրամ: Աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամկետներում եւ սեպտեմբերին մանկապարտեզը կունենա նորացված ենթակառուցվածքներ: Համայնքային մանկապարտեզի վերանորոգումը սկսվել է դեռեւս հրատապ երկրորդ ծրագրով, որի համար հատկացվել էր 10 մլն դրամ: Փոխվարչապետը նշեց, որ աշխատանքները պետք է կատարվեն ըստ ժամանկացույցի եւ որակով , եւ հորդորեց մարզպետին մշտապես ուշադրություն դարձնել հրատապ ծրագրով մարզում իրականացվող շինաշխատանքների որակին: Առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ եւ երրորդ հրատապ ծրագրերի ֆինանսավորմամբ Արարատ քաղաքն ունի վերանորոգված մշակույթի տուն: Մշակույթի տան վերանորոգումը սկսվել եւ ավարտին է հասցվել առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ եւ երրորդ հրատապ ծրագրերով հատկացված համապատասխանաբար 36 եւ 25 մլն դրամով: Ա. Գեւորգյանը կարեւորեց համայնքներում վերանորոգված, բարվոք պայմաններով մշակույթի տների առկայությունը, ընդգծելով դրանց կարեւորությունը մարզերում երիտասարդների ժամանցի կազմակերպման առումով: Ընդհանուր առմամբ Արարատի մարզին առաջնահերթ խնդիրների լուծման հրատապ երեք ծրագրերով հատկացվել է 3 մրդ 915 մլն դրամ: Իրականացվել է եւ շարունակվում է ենթակառուցվածքների, կրթական, մշակութային, համայնքային նշանակության կառույցների վերանորոգմանը, հիմնանորոգմանն ուղղված 185 ծրագիր մարզի 87 համայնքում: Կան համայնքներ, որտեղ աշխատանքները վերջնական ավարտելու համար երեք ծրագրով էլ աշխատանքներ են կատարվել: Արարատի մարզից Ա.Գեւորգյանը մեկնեց Վայոց ձորի մարզ: Մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ Ռինդ գյուղում ծանոթացավ համայնքի կոյուղագծի շինարարության ընթացքին: Կոյուղագիծն անցկացվել է երկրորդ հրատապ ծրագրով հատկացված 25 մլն դրամով: Փոխվարչապետի հետ քննարկվեց համայնքում կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցման համար ֆինանսական աղբյուրների հնարավորությունները: Հաշվի առնելով դեղձի այս տարվա առատ բերքը, Ռինդ համայնքի ղեկավարը Ա. Գեւորգյանի մոտ բարձրացրեց դեղձի իրացման խնդիրը եւ մթերման կազմակերպման հարցում ակնկալեց կառավարության աջակցությունը: Մարզի Մարտիրոս համայնքի երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է ՕՔՍՖԱՄ բարեգործական կազմակերպության աջակցությամբ, սակայն աշխատանքները կիասավարտ են մնացել: Համայնքում Ա. Գեւորգյանի մոտ բարձրացվեց երրորդ հրատապ ծրագրով տնտեսված գումարներից 2,4 մլն դրամն անավարտ աշխատանքների համար հատկացնելու հարցը: Համայնքի բնակիչները Ա.Գեւորգյանին ներկայացրին մի շարք խնդիրներ, նշելով, որ հատկապես առաջնահերթ են համայնքի վթարային բնակելի տների հարցի լուծումը, ինչպես նաեւ համայնքային մշակույթի տան վերանորոգումը: Բարձրունի համայնքում փոխվարչապետը քննարկեց դպրոցի շենքի ամրացման աշխատանքների ընթացքը: Երրորդ հրատապ ծրագրով այս նպատակով հատկացվել է 10,5 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվեց, որ նախագծային աշխատանքներն ավարտված են, շուտով կմեկնարկեն շինաշխատանքները եւ կավարտվեն հոկտեմբերին:Համայնքի բնակիչները Ա. Գեւորգյանին դիմեցին ոռոգման ցանցի վերանորոգման հարցով, որը հնարավորություն կտա մշտապես ոռոգելի դարձնել եւ մշակել 100 հա գյուղատնտեսական նշանակության հող: Գյուղացիները բարձրացրին նաեւ Սերս-Բարձրունի ճանապարհի վերանորոգման խնդիրը եւ ակնկալեցին կառավարության աջակցությունը: Վայոց ձորին առաջնահերթ խնդիրների լուծման հրատապ երեք ծրագրերով հատկացվել է 780 մլն դրամ: Ընդհանուր առմամբ` երեք ծրագրերով մարզի 16 համայնքներում իրականացվել եւ ընթացքի մեջ է 51 ծրագիր: Այցի ավարտին փոխվարչապետը մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում մարզպետարանի պատասխանատուների հետ քննարկեց մարզի առաջնահերթ խնդիրներին` սեփական եկամուտների հավաքագրմանը, գյուղատնտեսական բերքի իրացմանը, ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |