13:26 Պետբյուջեի 36.481.000 դրամը՝ տրանսպորտի տեսչության տակ, թե՞ խղճին | |
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2012թ. 1-ին կիսամյակում ուսումնասիրել է 2009-2010թթ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հարուցած կամ նրա դեմ ներկայացրած հայցերը: Ինչպես օրերս տեղի ունեցած ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում նշել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, ուսումնասիրվել են նաև այդ հայցերի հիման վրա ընդունված դատական ակտերի հիմնավորվածության, բողոքարկման ու կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է, որ մասնավորապես տրանսպորտային տեսչությունում, որը նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է և իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերապահված վերահսկողական գործառույթներ, բազմաթիվ հայցադիմումներ ներկայացվել են ՀՀ վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի պահանջների խախտմամբ: Հայտնաբերվել են նաև հետևյալ խախտումները՝ հայցեր են հարուցվել առանց դրանք հարուցելու հիմքերի առկայության, պատշաճ կարգով չեն իրականացվել ՀՀ քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսված հայցվորի իրավունքներն ու պարտականությունները, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չեն բողոքարկվել դատարանների անօրինական ու չհիմնավորված դատական ակտերը, վարչարարություն իրականացնելիս որոշ դեպքերում չեն պահպանվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքների և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջները, միջոցներ չեն ձեռնարկվել 2009-2010թթ. արձանագրված խախտումներով նշանակված, բայց չվճարված վարչական տուգանքի գումարները գանձելու ուղղությամբ: Ըստ կատարված ուսումնասիրության՝ տեսչության անբարեխիղճ աշխատանքի հետևանքով վճարման կարգադրություն արձակելու պահանջով ՀՀ վարչական դատարան հարուցած հայցերը վերադարձվել են՝ այդպիսիք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի պահանջներին (155-րդ հոդվածի 2-րդ մաս) համապատասխան ներկայացված չլինելու հիմքով: 2009-2010թթ. տեսչության մասնագետների կազմած վերահսկողության արդյունքների ամփոփման 90 արձանագրությամբ կիրառվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի` իրավախախտման նվազ նշանակության հիմքով վարչական պատասխանատվությունից ազատելու պահանջը, որի արդյունքում 90 իրավախախտ ազատվել է վարչական տուգանքից և նրանց նկատմամբ հայտարարվել է բանավոր դիտողություն, չնայած օրենսգրքի 21-րդ և 32-րդ հոդվածների կիրառման հիմքերը բացակայել են: Դա վկայում է, որ անհիմն կարգով 90 անձ ազատվել է վարչական պատասխանատվությունից, արդյունքում պետբյուջե չի վճարվել 1.890.000 դրամ գումար: 2009-2010թթ. արձանագրված խախտումներով նշանակված 80.713.000 դրամի վարչական տուգանքի գումարներից փաստացի գանձվել է 44.232.000 դրամը կամ 54,8 %-ը, իսկ մնացած` 36.481.000 դրամը չի գանձվել, որի արդյունքում 3413 դեպքով իրավախախտները խուսափել են պետբյուջե վճարել նշանակված վարչական տուգանքի գումարները: Ուսումնասիրության արդյունքները քննարկվել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մոտ կայացած օպերատիվ խորհրդակցությունում և արձանագրված խախտումներն ու թերությունները վերացնելու համար հաղորդում է ուղարկվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |