20:14 Սփյուռքահայ ներդրողից խլված շենքում շարունակում են տարածքներ վաճառել | |
NEWS.am-ը նամակ է ստացել «Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնություն» կազմակերպությունից այն մասին, որ ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի միջոցներով կառուցված շենքում բնակարանների ապօրինի օտարում է տեղի ունենում: Նամակում նշված է, որ Էդմոնդ Խուդյանի բազմաթիվ ահազանգերից հետո 2011 թ. մայիսի 3-ին «կանխամտածված սնանկության» փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ամերիկահայ գործարարը դիմում է ներկայացրել ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի նախագահին եւ հայտնել, որ իր ներդրումների հաշվին հիմնադրված «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Եսայանը, չարաշահելով Էդմոնդ Խուդյանի եւ տասնյակ գնորդների (հիմնականում սփյուռաքահայ) վստահությունը, շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եւ ընկերության մասնակից Ղեւոնդ Ղալումյանի հետ մեկտեղ օտարել են ընկերությանը պատկանող Մաշտոցի 33ա հասցեի 5 հարկանի եւ 33/1 հասցեի 13 հարկանի շենքերի տարածքները, գրպանել են միլիոնավոր դոլարներ եւ սնանկացրել ընկերությունը: Սակայն ՊԵԿ-ի եւ դատախազության անգործության պայմաններում քրեական գործով մինչ օրս ոչ կասկածյալներ կան, ոչ մեղադրյալներ: Ավելին` Վլադիսլավ Մանգասարյանը նախաքննության ընթացքում շարունակում է շենքում բնակարանների վաճառքը եւ նրան ոչ ոք չի էլ փորձում կանգնեցնել: Նշենք, որ խոսքը այն նույն շենքի մասին է, որի բնակիչները օրերս դիմում- բողոք էին հղել նախագահ Սերժ Սարգսյանին` հայտնելով շենքում ստեղծված հակասանիտարական վիճակի մասին: Շենքի կառուցումն ավարտվել է 2009 թ., բայց մի շարք խնդիրներ չեն լուծվել: Մաշտոցի պողոտայի 33/1 շենքում հիմա տիրում է անմխիթար վիճակ, այն վերածվել է աղբանոցի: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |