20:21 Սպառողների վստահության ինդեքսը նվազել է. ԿԲ | |
Սպառողների վստահության ինդեքսը 2012 թ. երրորդ եռամսյակում կազմել է 46.5%: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ինդեքսը նվազել է 4.5%-ով, իսկ նախորդ եռամսյակի նկատմամբ՝ 2.9%-ով: Սպառողների վստահության ինդեքսն իրենից ներկայացնում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված միջին թվաբանական փոփոխություն: Այն բաղկացած է 2 մասից` ընթացիկ պայմանների ինդեքս (հարցերը վերաբերել են ներկա իրավիճակին) եւ ապագա պայմանների ինդեքս (հարցերը վերաբերել են ապագային): Ընթացիկ պայմանների ինդեքսը 40.6 % է, իսկ դա նշանակում է, որ հարցվածների կեսից ավելի դեռեւս դրական չեն գնահատում իրենց ներկա վիճակը: Ավելին՝ ՀՀ ներկաիս տնտեսական իրավիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականի ինդեքսը 24.8% է՝ նախորդ եռամսյակի 30.3%-ի համեմատ; Ապագա պայմանների ինդեքսը 52.3% է: Թեեւ այս ինդեքսը եւս նվազել է (2012 թ. երկրորդ եռամսյակում 54% էր), սակայն քաղաքացիներն ընդհանուր առմամբ պահպանել են ապագայի նկատմամբ լավատեսությունը: Նշենք, որ ավելացել են խոշոր գնումներ կատարելու մասին դրական պատասխանները: Հարցվածների 53.4% խոստովանել է, որ 2012 թ. երրորդ եռամսյակում խոշոր գնում է կատարել (երկրորդ եռամսյակի 50%-ի համեմա), իսկ 54.4%-ը պատրաստվում է խոշոր գնում կատարել ապագայում (նախորդ եռամսյակի 54.1%-ի համեմատ): | |
|
Մեկնաբանություններ: 0 | |